
2006 թվականի հունվարի 22-ի երեկոյան Մոսկվայում տեղի էր ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, որ նրանք «գոհունակություն էին հայտնել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի տարվա հաջող մեկնարկի կապակցությամբ եւ քննարկել ռուսական գազի մատակարարման հարցը»։
Հաջորդ օրը մոսկովյան «Կոմերսանտ» թերթը հրապարակել էր «Հայաստանն իրանական գազը փոխում է ռուսականի հետ» վերնագրով հոդված, որում, մասնավորապես, ասվում էր.
«Մոսկվան ռազմավարական դաշնակցին ներկայացրել է վերջնագիր. կամ գազի գինը բարձրանում է մինչեւ $110, կամ Հայաստանը «Գազպրոմին» է փոխանցում իր գազային ենթակառուցվածքը ու եւս մեկ տարի օգտվում է էժան գազից: Ինչպես մեզ հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է վերջնագիրը եւ պատրաստ է Ռուսաստանին փոխանցել Իրան-Հայաստան կառուցվող գազատարի բաժնետոմսերի 45 %-ը»։
Նույն օրը Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հրապարակումը «իրականությանը չհամապատասխանող» էր անվանել եւ հավելել, որ «կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները»:
Այն մասին, որ իրավիճակը Երեւանում չքողարկվող դժգոհություն է առաջացնում, վկայում էին հունվարի 24-ին Երեւանում կայացած ճեպազրույցում Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությունները։
Նա, մասնավորապես, նշել էր, որ «Հայաստանին ռուսական գազի մատակարարման շուրջ ստեղծված իրավիճակը որոշակի ափսոսանք է առաջացնում»։
«Հաշվի առնելով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը` մենք կարծում էինք, որ գազի գնի որոշման հարցը կարող էր ունենալ ավելի պարզ լուծում եւ չպահանջեր այսքան երկար բանակցություններ», - ասել էր Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը՝ չբացառելով, որ «հայ-ռուսական համագործակցության էներգետիկ բաղադրիչը որոշակի վերանայման կենթարկվի»։
2006 թվականի մարտի վերջին նա նորից հերքում էր «Կոմերսանտի» հրապարակումը՝ այս անգամ այն մասին, որ որպես ռուսական գազի սակագների թանկացման փոխհատուցում Հայաստանը ցածր գներով զինամթերք է գնելու Ռուսաստանից:
2006 թվականի ապրիլի 6-ին Հայաստանի կառավարությունը եւ «Գազպրոմը» մամուլի հաղորդագրություններ տարածեցին «գազային խնդրի» լուծման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
«Գազպրոմի» հաղորդագրության սկզբնական տարբերակում ասվում էր, որ ռուսական կողմը նախատեսում է Հայաստանի կառավարությունից ձեռք բերել Իրան-Հայաստան գազատարի 40 կիլոմետրանոց կառուցվող հատվածը եւ երաշխիքներ է ստացել այն մասին, որ «ՀայՌուսգազարդը» կդառնա Իրան-Հայաստան գազատարի 197 կմ երկրորդ հատվածի կառուցման պատվիրատուն:
Մինչդեռ, Հայաստանի կառավարության մամուլի հաղորդագրությունում Իրան-Հայաստան գազատարն ընդհանրապես չէր հիշատակվում: Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ «ՀայՌուսգազարդը» Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար կվճարի $248.8 մլն, որը կօգտագործվի առաջիկա 3 տարվա ընթացքում ռուսական գազի գնի աճը փոխհատուցելու համար:
Ապրիլի 7-ին «Գազպրոմ»-ի կայքում հրապարակվել էր մամուլի հաղորդագրության նոր տարբերակը, որում Իրան-Հայաստան գազամուղն այլեւս չէր հիշատակվում։
Ապրիլի 11-ին Երեւան էր ժամանել «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ «ՀայՌուսգազարդ»-ի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ նա քննարկել էր ապրիլի 6-ին «Գազպրոմի» եւ Հայաստանի կառավարության կողմից ստորագրված համագործակցության ռազմավարական սկզբունքների մասին համաձայնագրի իրականացման ընթացքը:
Մինչդեռ իրավիճակը ավելի հստակ չէր դառնում։ Ապրիլի 20-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել էր. «Անկեղծ ասած, ես չեմ կարող ասել` Իրան-Հայաստան գազատարը կփոխանցվի՞ ռուսական կողմին, թե ոչ»։
Ապրիլի 28-ին Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը «Գազպրոմին» վաճառելու գործարքը աջակցություն ստացավ այնտեղից, որտեղից այն, հավանաբար, ամենաքիչն էին սպասում։ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը գործարքն անվանել էր «շատ շահավետ Հայաստանի համար»։ Մեկնաբանելով հայտարարությունները, թե ռուսական կողմը փաստացի ստանում է մենաշնորհային իրավունքներ Հայաստանի էներգետիկ ոլորտում, Համաշխարհային բանկի ներկայացուցիչն ընդգծել էր, որ «Ռուսաստանը վառելիք է մատակարարում ՀԱԷԿ-ին եւ գազ. դա է իրականությունը»։
Ռոբինսոնը նշել էր, որ «այնքան էլ կարեւոր չէ, թե ում է պատկանում այս կամ այն ձեռնարկությունը, շատ ավելի կարեւոր է կառավարման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելը»:
Մեկ ամիս անց՝ 2006 թվականի մայիսի 22-ին, Ռոբինսոնի խոսքերը գրեթե բառացի կրկնել էր «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը։ Նա հայտարարել էր, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վաճառքը «Գազպրոմին» «ամենաշահավետ գործարքն է Հայաստանի համար»։
Կարապետյանն ասել էր, որ գործարքը թույլ կտա Հայաստանին 3 տարով ունենալ գազի եւ էլեկտրաէներգիայի ֆիքսված սակագներ, որոնք ամենաարդյունավետն են ԱՊՀ տարածքում։ Բացի այդ, Կարապետյանն ընդգծել էր. «Գազպրոմը ներկայացրել է լավ ներդրումային ծրագիր եւ իր վրա է վերցրել բոլոր ռիսկերը»։
2006 թվականի հունիսի 30-ին «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովն ընկերության բաժնետերերի տարեկան ժողովում նշել էր, որ ընկերությունը մտադիր է գնել Իրան-Հայաստան գազատարը։ Նա ասել էր, որ այդ ցանկությունը պայմանավորված է Հայաստան գազի ներմուծման ապահովությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ, քանի որ Վրաստանի տարածքով ռուսական գազի տարանցումն անկայուն է:
Մի քանի ամիս անց՝ հոկտեմբերի 31-ին, Կարեն Կարապետյանը հաստատել էր, որ «ՀայՌուսգազարդը» շահագրգռված է Իրան-Հայաստան գազատարի ձեռքբերմամբ, սակայն հնարավոր տարբերակները պետք է առաջարկի Հայաստանի կառավարությունը (գազատարի վաճառքը կամ դրա կառավարման փոխանցելը)։
Մեկ ամիս անց՝ 2006 թվականի նոյեմբերի 30-ին, «Կոմերսանտ» թերթում հրապարակվել էր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հարցազրույցը, որում նա, մասնավորապես, ասել էր.
Մեկ շաբաթ անց «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հաստատել էր, որ 2007-ին գազի գինը Հայաստանի համար չի փոխվի։
«Գինը կմնա $110, քանի որ այդպես ենք պայմանավորվել եւ ստորագրել ենք համապատասխան համաձայնագիր, որը նախատեսում է, որ գինը երեք տարի չի փոխվելու եւ 2006, 2007, 2008 թթ. կազմելու է $110», - ասել էր Կուպրիյանովը:
Նա հիշեցրել էր, որ համաձայնագրի համաձայն, «Գազպրոմն» ավելացնում է իր մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ձեռնարկությունում։
«Մենք ավելացնում ենք մեր վերահսկողությունը: Հիմա ունենք 45%, իսկ կունենանք հսկիչ փաթեթ: Դա փաթեթային համաձայնություն է, որի շրջանակներում մենք ուժեղացնում ենք մեր դիրքերը Հայաստանում, ստանում ենք այն ակտիվները, որոնք մեզ հետաքրքրում են, իսկ Հայաստանը երեք տարվա համար ստանում է ֆիքսված գին», - ամփոփել էր Կուպրիյանովը:
Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են REUTERS-ի եւ Ֆոտոլուրի լուսանկարները: