«Բանալին» եւ ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության մեկնարկը



2002 թվականի նոյեմբերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Լորդ Ջորջ Ռոբերտսոնը Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի ձեռքում է գտնվում Եվրոպան եւ Ասիան կապող կարեւոր տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության բանալին:

«Հայաստանը ակտիվ մասնակցում է Եվրատլանտյան գործընկերության խորհրդի/Գործընկերություն հանուն խաղաղության շրջանակներում խորհրդատվություններին եւ համագործակցությանը եւ մի երկիր է, որի ձեռքում է գտնվում Եվրոպան եւ Ասիան կապող կարեւոր տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության բանալին: Դա ավելի քան բավարար է, որպեսզի Հայաստանը համարենք կարեւոր եւ արժեքավոր գործընկեր ամբողջական եւ ազատ Եվրոպայի մեր որոնումների մեջ»,- ասում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

 

 

Այդ հարցազրույցից մի քանի ամիս առաջ Պրահայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարվել էր Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի (ԱԳԳԾ) ձեւաչափի գործադրման մասին:

Չեխիայի մայրաքաղաքում ստորագրված հռչակագրում ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ կառավարությունների ղեկավարները կոչ էին արել «Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների ռազմավարական կարեւոր երկրներին օգտվել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր պրակտիկ մեխանիզմներից»:

 

 

 

 

2004 թվականի սկզբին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ասում էր, որ «Հայաստանի քաղաքական երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ եւ մեր մասնակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին աստիճանաբար ավելի կոնկրետացված եւ համակարգված բնույթ են կրում»:

2004 թ. ընթացքում Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները նշում էին, որ Հայաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր (ԱԳԳԾ-IPAP) ստորագրելուն:

Այն ժամանակ դա հեղափոխական զարգացում էր թվում, քանի որ Հայաստանը տարածաշրջանում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն էր: Մոսկվայից, սակայն, տեսանելի դժգոհություն չէր արտահայտվում:

ԱԳԳԾ-ի մշակման վերաբերյալ Հայաստանի ծրագրերը ողջունում էին ինչպես ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի ներկայացուցիչները, այնպես էլ առանձին դաշնակիցներ, մասնավորապես` ԱՄՆ-ը:

Եվրոպայում ԱՄՆ-ի Զինված ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ Չարլզ Վոլդը նշում էր, որ Ծրագրի ստորագրումը կնպաստի Հայաստանի եւ Դաշինքի անդամների միջեւ բազմակողմանի եւ երկկողմանի համագործակցության ընդլայնմանը:

 

 

ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը ողջունում էր ՆԱՏՕ-ի հետ ԱԳԳԾ ստորագրելու Հայաստանի ձգտումը: Ապատուրայը նշում էր, որ ծրագրի ստորագրումը թույլ կտա Հայաստանին եւ ՆԱՏՕ-ին «ավելի շատ կենտրոնանալ իրենց հարաբերությունների զարգացման վրա»:

2004 թվականի հոկտեմբերին ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բարնսը Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասում էր, որ եթե Հայաստանը ցանկանում է զգալիորեն բարելավել ՆԱՏՕ-ի հետ փոխհամատեղելիությունը, հարկավոր է ձեւափոխել ռազմական կառույցներից մի քանիսը:

 

 

 

2005 թ. հունիսի 10-ին Բրյուսելում Հայաստանի նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յափ դե Հուփ Սխեֆերին էր փոխանցել Հայաստանի ԱԳԳԾ-ի ներկայացման փաստաթուղթը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նամակը:

2005 թ. օգոստոսի վերջին Վարդան Օսկանյանը վստահություն էր հայտնում, որ «ԱԳԳԾ-ի արդյունավետ իրականացումը ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները կհասցնի նոր մակարդակի»:

2005 թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳԳԾ-ն քննարկվել էր Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի Քաղաքական կոմիտեի եւ 26+1 ձեւաչափով ՆԱՏՕ-ի Ռազմաքաղաքական կոմիտեի ընդհանուր նիստում, իսկ դեկտեմբերի 16-ին այն հաստատվեց Հյուսիսատլանտյան խորհրդի կողմից եւ ուժի մեջ մտավ:

 

 

Ամփոփելով 2005 թվականի արդյունքները` Վարդան Օսկանյանը 2006 թ. հունվարին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ԱԳԳԾ-ի հաստատումը «2005 թ. կարեւորագույն իրադարձությունն էր»:

«Հայաստանը ներկայում ընդգրկված է համագործակցության բոլոր այն ոլորտներում, որոնք դաշնակիցների կողմից հռչակվել են Գործընկերության հիմնական նպատակներ եւ առաջնայնություններ:

ԱԳԳԾ-ն հնարավորություն կտա առավելագույնս օգտվելու դաշնակիցների հետ գործընկերությամբ ընձեռնված բոլոր հնարավորություններից, կօգնի Հայաստանին կատարելագործել եւ արդիականացնել իր պաշտպանական համակարգը, բարձրացնել վերջինիս արդյունավետությունը եւ ապահովել համատեղելիությունը զարգացած պետությունների պաշտպանական համակարգերի, այդ թվում` զինված ուժերի հետ: Այն նաեւ դիտվում է որպես ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության հետագա զարգացման կարեւորագույն մեխանիզմ»,- ասում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Ֆոտոլուրի, ՆԱՏՕ-ի, REUTERS-ի լուսանկարները:

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: