2016 թվականի Ապրիլյան պատերազմը եւ ՊՊԾ գնդի վրա «Սասնա ծռերի» հարձակումը իշխանություններին ստիպեցին առերեսվել փոփոխությունների անհրաժեշտության հետ: Սեպտեմբերի 13-ին Հայաստանի վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, իսկ հոկտեմբերի 3-ին շատերի համար անսպասելի Պաշտպանության նախարարությունը գլխավորեց Վիգեն Սարգսյանը: Նշանակումից գրեթե անմիջապես հետո նա հանդես եկավ «Ազգ-բանակ» հայեցակարգով:
2016 թվականի հոկտեմբերի 29-ին Վիգեն Սարգսյանը բացատրում էր, որ «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը հասարակության կամ պետության ռազմականացում չի ենթադրում:
«Չի կարող հասարակությունը մեկուսացվել բանակից եւ հակառակը:
Ազգ-բանակը դա այն բանակն է, որն ունի կրթող, դաստիարակող, ուսուցանող ներուժ, որը փոխանցվում է ժողովրդին: Ազգ-բանակը դա այն հասարակությունն ու զինված ուժերն են, որտեղ նորարար գիտությունից դեպի ռազմարդյունաբերական համալիր մեկ քայլ է, դա այն վստահությունն է, որ հասարակությունն ունի դեպի զինված ուժերը, դեպի մեր երկրի սպայական անձնակազմը: Դա այն պաշտպանական համակարգն է, որտեղ զորահավաքին պատրաստ է յուրաքանչյուրը՝ հստակ իմանալով իր անելիքը, տեղը, դերն ու միջոցները»,- նշում էր նախարարը:
Այդ քննարկումից մեկ շաբաթ առաջ «Ազգ-բանակ»-ի գաղափարը մեկնաբանել էր գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը, որը Ապրիլյան պատերազմից հետո հանդես էր եկել Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST) հիմնադրելու նախաձեռնությամբ:
«Կարծում եմ՝ մենք այլ ճանապարհ չունենք, եւ պետք է դա կյանքի կոչենք: Ես այլ ճանապարհ պարզապես չեմ տեսնում: Իսրայելը արդեն տասնամյակներ է, ինչ ապրում է այդ մոդելով, եւ դա չի խանգարում նրան ժողովրդավարական պետություն լինել: Շվեյցարիայում, որը չեզոք եւ խաղաղ երկիր է, մարդիկ տներում մարտական զենք են պահում եւ պարբերաբար ռազմական հավաքների են մասնակցում:
Մենք պետք է սկզբունքորեն փոխենք իրավիճակը, որում բանակը ընկալվում է որպես «բեռ» պետբյուջեի եւ խաղաղ կյանքի համար: Պետք է ստեղծվի մի իրավիճակ, որում երիտասարդները, նույնիսկ աղջիկները կձգտեն բանակ գնալ որպես կամավորներ:
Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի փոխենք հասարակության վերաբերմունքը բանակի նկատմամբ: Եվ ես ուրախ եմ, որ նոր նախարարը որոշել է սկսել հենց դրանից եւ եղած անջրպետը հաղթահարելուց»,- ասում էր Ռուբեն Վարդանյանը:
2016 թ. նոյեմբերին Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին զեկուցել էր մարտական գործողությունների ընթացքում եւ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարը կտրուկ ավելացնելու ծրագրի մշակումն ավարտելու մասին: Նախարարն ասել էր, որ այն նախագծված է «Ազգ-բանակ» տրամաբանության մեջ, որտեղ ամբողջ հասարակությունն իր վրա է վերցնում Հայրենիքի պաշտպանի սոցիալական բեռը:
2017 թվականի հունվարի 28-ին պաշտպանության նախարարը ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ ծավալուն ելույթ էր ունեցել, որի ընթացքում մանրամասն կանգ էր առել «Ազգ-բանակ» հայեցակարգի վրա:
«Հայոց պատմությունը փաստում է, որ մենք՝ որպես ազգ եւ պետություն, սկսել ենք թուլանալ եւ զիջել մեր դիրքերը տարածաշրջանում այն ժամանակ, երբ դադարել ենք լինել ազգ-բանակ։ Այդ կառույցի քայքայումն ու ջլատումն են մեր նահանջի գլխավոր պատճառները. Բայց մենք չունենք նահանջելու տեղ, առավել եւս` նման մտադրություն: Փոխարենը ունենք վճռականություն՝ դառնալու հզոր եւ անպարտելի ազգ-բանակ։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձեւավորման առաջին իսկ օրերից ստիպված են եղել կռվել ավելի մեծաքանակ եւ ավելի շատ ռեսուրսներ ունեցող հակառակորդի դեմ։ Քանակի դեմ ավելի մեծ քանակ հանելու ճանապարհը մերը չէ: Եվ դա ոչ միայն եւ ոչ այնքան ռեսուրսների, որքան խոհեմության հարց է: Մենք քանակին հակադրել ենք որակ եւ հաղթել:
Ազգ-բանակ՝ առաջին հերթին նշանակում է որակ։ Այդ որակի գլխավոր կրողը պետք է լինի ցանկացած բանակի ողնաշարը կազմող սպայական եւ ենթասպայական կազմը: Հայ սպայի, հրամանատարի կերպարը պետք է դառնա ուղղորդիչ մեր ողջ հասարակության համար:
Մեր օրերում երկրի պաշտպանունակությունը չի չափվում միայն իր ունեցած զենքով ու զինամթերքով, եւ ոչ էլ ազգաբնակչության թվաքանակով:
Պաշտպանունակությունը առաջին հերթին պայմանավորված է արդյունավետու¬թյամբ եւ հանրային հարաբերությունների ամբողջականությամբ, արժեհամակարգի վրա հենված քաղաքականությամբ, սեփական նպատակներին, ազգային գաղափարներին հավատարիմ լինելու համընդհանուր ձգտմամբ:
Ուրեմն, ազգ-բանակ դառնալու ճանապարհին պետք է առաջին հերթին հասկանանք, թե ինչպես պետք է մեր բանակը «հասարակության հայելիից» վերածենք «քաղաքացու կերտման դպրոցի եւ դարբնոցի»: Այն դարձնելու ենք մեր երկրի առաջընթացի խորհրդանիշ, ամենատարբեր ոլորտներում չափորոշիչների սահմանման միջոց, հատկապես` մարդու իրավունքների պաշտպանության, կանանց եւ տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման եւ բարեվարքության ուղղություններով»,- ասում էր նախարարը:
2017 թ. ապրիլին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել էր «Ազգ-բանակ-2017» համաժողովը, որի ընթացքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել էր սպայական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերը։
Համաժողովի ընթացքում կայացել էր նաեւ պանելային քննարկում՝ զինվորականների եւ կրթության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Դրա ընթացքում Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, մասնավորապես, ասել էր.
«Համապատասխան նախադրյալներ ստեղծված են ազգ-բանակ գաղափարը կյանքի կոչելու համար: Այժմ պետք է ոչ միայն զարգացնել ռազմահայրենասիրական գաղափարը հանրակրթական դպրոցներում, այլեւ կատարելագործել բուհերում: Ժամանակն է բուհերում ներդնել կամ վերականգնել ռազմական ամբիոններ: «Ազգ-բանակ» գաղափարի իրագործման հիմքում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան է: Որոշակի ռազմական խաղերի կազմակերպմամբ կարելի է երեխաների մոտ ձեւավորել այդ սերն ու հետաքրքրվածությունը: Ավելի բարձր դասարաններում անհրաժեշտ եմ համարում ռազմահայրենասիրական ակումբների կազմակերպումը: Դպրոցներին համապատասխան գործիքներ, զինատեսակներ, վարժանքների հարմարանքներ պետք է տրամադրել:
Ռազմական սպառնալիքներին արդյունավետ դիմակայելու համար մենք պարտադրված ենք ունենալ բնակչություն, որը տիրապետում է ռազմական գործին` անկախ սեռից: Հակառակորդը պետք է իմանա, որ ագրեսիայի դեպքում մեր ողջ ազգը մեկ մարդու նման կարող է զենք վերցնել եւ այնպես անել, որ հողը վառվի հակառակորդի ոտքերի տակ»:
Կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը նկատում էր, որ «մեր ռազմագիտության ուսուցիչները պետք է սպայի առաքելության կարեւորությունը բարձրացնեն, ոչ թե միայն ավտոմատ քանդել-հավաքել սովորեցնեն»: Տեր Մեսրոպ քահանա Արամյանն էլ ընդգծում էր, որ «խնդիրը լուծում չի ստանա, եթե հասարակությունը տեր չկանգնի այս պրոցեսին», քանի որ «հայրենասիրությունը ներքեւից վերեւ բարձրացող պրոցես է, հակառակը լինել չի կարող»:
2018 թվականի ապրիլի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը կառավարության նիստում ասում էր, որ կատարվում է «Ազգ-բանակ»-ի իրականացման առումով շատ կարեւոր չորրորդ քայլը:
Առաջին քայլը, ըստ նրա, գաղափարականն էր եւ վերաբերում էր բանակաշինությանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը:
«Երկրորդ կարեւոր քայլը իրավական էր: Մենք երկու կարեւոր օրենք ընդունեցինք, որոնցով համախմբեցինք մինչ այդ գործող 7 օրենքները եւ հարմարեցրինք դրանք արագ ու դինամիկ քաղաքականություն ներդնելու հնարավորություններին, համապատասխանեցրինք Սահմանադրությունից բխող նոր պահանջներին:
Երրորդ կարեւոր քայլն արդիականացման ծրագիրն էր, որն առաջիկա 7 տարվա համար բանակի զարգացման շատ գործնական ճանապարհային քարտեզ է:
Չորրորդ կարեւոր քայլը մենք այսօր ենք կատարում. վեց բլոկ որոշումներ եմ բերել այսօրվա նիստին, որոնցով մենք կոնկրետ ծրագրեր ենք ներդնում այս ամբողջ գաղափարախոսությունից անցնելու շատ կիրառական գործնական քայլերի»,- ասում էր Վիգեն Սարգսյանը:
Հաջորդ օրը՝ 2018 թվականի ապրիլի 13-ին, Գյումրիից քայլերթով եկող Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհները հասան Երեւան, եւ մայրաքաղաքում զանգվածային անհնազանդության գործողություններ ծավալեցին: 10 օր անց՝ ապրիլի 23-ին, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց Հայաստանի վարչապետի պաշտոնից:
2018 թ. մայիսի 21-ին Հայաստանի արդեն նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դիմել էր Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար եւ իր նախկին ուսանող Արմեն Գրիգորյանին: Վերջինս ասել էր, որ «ինքը միշտ վատ է վերաբերվել Ազգ-բանակ կոնցեպտին»:
«Քո եւ պաշտպանական ոլորտի մեր նոր ղեկավարների արդյունավետ եւ հետեւողական ծառայությունից է կախված մեր ողջ հասարակության, մեզնից յուրաքանչյուրի, մեր ընտանիքների բարեկեցությունն ու խաղաղ կյանքը: Ուստի, հուսով եմ՝ վայրկյան անգամ չես կասկածում, որ սրտանց մաղթում եմ, որ հաջողես, քանի որ ձախողումների գինը յուրաքանչյուրս է վճարելու` յուրաքանչյուր հայ մարդ: Քո եւ պաշտպանական մեր թիմի հաղթանակները մեր բոլորի երազանքն են:
Լսեցի քո հարցազրույցը «Ազատություն» կայքի եթերում: Պետք է անկեղծ ասեմ՝ հիասթափված եմ: Այդքան վստահ կարծիք ես հայտնում «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին` առանց նյութին ծանոթ լինելու: Այն, ինչ ներկայացնում էիր որպես այդ հայեցակարգի հիմնական թեզ, «Ազգ-բանակ»-ին վերաբերող որեւէ փաստաթղթում, ելույթում եւ դրա շրջանակներում ներդրված որեւէ ծրագրում չես կարողանա մատնանշել: Քո հարցազրույցից բխում էր, որ հայեցակարգի առանցքը հասարակությանը հայրենիք սիրել սովորեցնելն է, քանի որ, ըստ քեզ, եկել ենք այն մոտեցումից, որ մեր հասարակությունը հայրենիք չի սիրում:
Մի քանի օր անց պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանն ասում էր.
«Մեր խնդիրն է, որպեսզի մեր հասարակությունը ամբողջովին վստահի բանակին, վստահ լինի, որ ամեն ինչ արվում է, որ.
ա. Զինված ուժերն ունենան անհրաժեշտ մարտունակություն սպառնալիքներին դիմագրավելու համար,
բ. իր կողմից հատկացվող ռեսուրսներն օգտագործվում են առավելագույնս արդյունավետ եւ նպատակային։
Իսկ դրան հնարավոր չէ հասնել առանց բանակ-հասարակություն կապերի ամրապնդման, առանց թափանցիկության եւ հաշվետվողականության մակարդակի բարձրացման, առանց հասարակության մի շարք հատվածների կողմից բանակաշինության գործում անմիջական մասնակցության, առանց կրթությունն ու գիտությունը բանակ բերելու եւ այլն։
Ինձ համար ամենեւին էլ կարեւոր չէ, թե դա ինչպիսի քաղաքական փաթեթավորում կստանա, կկոչվի «Ազգ-բանակ», թե կունենա մեկ այլ անվանում։ Առավել կարեւորը բովանդակությունն է՝ այն խնդիրը, որը մենք պետք է լուծենք համազգային համախմբման միջոցով»։
2022 թվականի սեպտեմբերին՝ Արցախի կորստից մեկ տարի առաջ, Արցախի արդեն նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դարձյալ խոսել էր «Ազգ-բանակ»-ի մասին:
«Ադրբեջանի հերթական ագրեսիան ցույց է տալիս, որ ոչ մի պայմանագիր մեզ չի կարող պաշտպանել, եթե մենք ուժեղ չենք ու բոլորս միասին ոտքի չենք կանգնելու՝ մեր հայրենիքը պաշտպանելու։ Խաղաղության եւ անվտանգության թիվ մեկ երաշխավորը ողջ ժողովրդի՝ բանակի հետ միասնությունն է, ազգ-բանակ դառնալը։ Պետք է սթափվել վերջապես, մենք չպետք է անտարբեր մնանք մեր Հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Մենք նորօրյա Սարդարապատի շեմին ենք, եւ միայն միավորվելով ու մեկ բռունցք դառնալով կարող ենք պաշտպանել մեր ազատությունն ու մեր հողի վրա ապրելու իրավունքը»,- ասում էր Ռուբեն Վարդանյանը, որը մեկ տարի անց հայտնվելու էր Բաքվի բանտում:
Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Ֆոտոլուրի, ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության արխիվներից: