2012 թվականի օգոստոսին հանդես գալով մամուլի ասուլիսով՝ «Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում էր, որ 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան արտահանձնելու հնարավորությունը «միջինից բարձր է»: Նա նշել էր, որ նման եզրակացության է հանգել վերջերս Հունգարիայից ստացվող ազդակների հիման վրա:
Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանն էլ ասում էր, որ Ադրբեջանը Սաֆարովի արտահանձնման հարցը փորձում է մշտապես օրակարգում պահել:
«Մինչ օրս Հունգարիան հստակ դիրքորոշում է ունեցել այդ հարցում, այդպիսի մարդասպանների արտահանձնման նախադեպեր դեռ չեն եղել, եւ Ադրբեջանի բոլոր փորձերն այդ ուղղությամբ ձախողվել են: Սակայն ուշադրությունը այդ հարցի վերաբերյալ չպետք է թուլանա, եւ մեր հասարակությունն ու պետական մարմինները պետք է շարունակեն պայքարը Սաֆարովի արտահանձնման դեմ»,- շեշտում էր փաստաբանը:
Հաջորդ օրը՝ 2012 թվականի օգոստոսի 31-ին, հայտնի դարձավ, որ Ռամիլ Սաֆարովը վերադարձվել է Ադրբեջան, որտեղ նրան անմիջապես ներում է շնորհվել նախագահ Իլհամ Ալիեւի կողմից:
Գուրգեն Մարգարյանի սպանությունից ընդամենը մեկ շաբաթ անց Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն ասել էր, որ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ ջանքերը Սաֆարովին հայրենիք վերադարձնելու համար: «Ռամիլ Սաֆարովը կվերադառնա Բաքու»,- համոզված էր Աբիեւը:
Օգոստոսի 31-ին Հունգարիայի հայ ազգային ինքնավարության կազմակերպության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը Մեդիամաքսին հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները օգոստոսի 20-ից տեղյակ էին Սաֆարովին արտահանձնելու հունգարական իշխանությունների որոշման մասին:
«Մեր աղբյուրներից տեղեկությունը ստանալով՝ այդ մասին հայտնել էինք Վիեննայում Հայաստանի դեսպանությանը եւ Սփյուռքի նախարարությանը»,- ասել էր Ալեքս Ավանեսյանը:
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը Մեդիամաքսի հետ զրույցում հաստատել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ազդակ էր ստացել այն մասին, որ Հունգարիայի իշխանությունները մտադիր են Ադրբեջան տեղափոխել Ռամիլ Սաֆարովին:
Նա ասել էր, որ տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկել պաշտոնական եւ այլ մակարդակներով այն ճշտելու համար` հանդիպումներ անցկացնելով ամենատարբեր մակարդակներում: Մնացականյանը նշել էր, որ այդ հանդիպումների արդյունքում եւ մինչեւ վերջին պահը հայկական կողմը հավաստիացումներ էր ստացել առ այն, որ Սաֆարովը շարունակելու է պատիժը կրել Հունգարիայում:
«Հունգարիայի իշխանությունների գործելաոճը հատկապես անընդունելի է այն պարագայում, երբ Հայաստանի իշխանությունները, խոր մտահոգություն արտահայտելով առկա տեղեկության վերաբերյալ, փորձում էին հստակություն ստանալ եւ մինչեւ վերջին պահը հավաստիացումներ էին լսում այն մասին, որ նման հարց օրակարգում չկա»,- ասել էր նախարարի տեղակալը:
Օգոստոսի 31-ին Երեւանում գումարվել էր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Սերժ Սարգսյանն իր ելույթն այսպես էր սկսել.
«Գիտեք, թե ինչ է տեղի ունեցել. Գուրգեն Մարգարյանին սպանած բաշիբոզուկը Հունգարիայի իշխանությունների կողմից վերադարձվել է Ադրբեջան, իսկ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել այդ մարդասպանին: Բնականաբար, մենք չենք կարող դա հանդուրժել եւ պետք է որոշենք մեր անելիքները:
Առաջինը, որ միանշանակ է եւ արդեն արված է՝ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից եւ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի կողմից բարձրացվել է մեր զորքերի զգոնությունը: Դա անհրաժեշտ պայման է:
Երկրորդ, Գորիկ Գուրգենիչ (ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյան - Մեդիամաքս), խորհրդակցությունից անմիջապես հետո կգաք ինձ մոտ, հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու:
Երրորդ, ուզում եմ, որպեսզի հիմա մենք քննարկենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները շարունակելու հարցը:
Չորրորդ, կարծում եմ` ճիշտ կլինի, որ ՀՀ Ազգային ժողովը նիստ գումարի եւ այս հարցը քննարկի:
Հաջորդը, ես կարծում եմ, որ արդեն վաղը պետք է նամակներ պատրաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին: Պետք է համապատասխան ցուցումներ տալ մեր դիվանագիտական բոլոր կառույցներին: Ես արդեն կապվել եմ մեր ավանդական կուսակցությունների ղեկավարների հետ, եւ իմ համոզմամբ՝ նաեւ արտերկրում մեր ժողովուրդը պետք է գնահատական տա:
Հունգարիայի իշխանությունները պետք է հասկանան, որ կոպիտ սխալ են կատարել: Նրանք, փաստորեն, գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ: Եվ ադրբեջանական կողմի այն մեկնաբանությունները, թե արդեն մեկ տարուց ավելի գաղտնի բանակցություններ են վարում, եւ որ հարցը վերջնականապես լուծվել է Հունգարիայի վարչապետի Բաքու պաշտոնական այցի ընթացքում, խոսում է այն մասին, որ այստեղ արդարադատության նախարարի որոշում չէ, այլ գործարքի մեջ մտած երկրների համաձայնեցված գործողություններ, իշխանությունների համաձայնեցված գործողություններ: Եվ մենք պետք է համապատասխան արձագանք անպայման ապահովենք»:
Անվտանգության խորհրդի նիստից հետո նախագահը հրավիրել էր Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին եւ, մասնավորապես, ասել.
«Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետեւ գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ:
Ես դա հանդուրժել չե՛մ կարող:
Հայաստանի Հանրապետությունը դա հանդուրժել չի՛ կարող:
Հայ ժողովուրդը դա չի ներելու:
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ բոլոր պաշտոնական կապերը:
Մենք ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների հստակ եւ միանշանակ գործողությունները այս դեպքի կապակցությամբ»:
Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Թոմի Վիետորը հայտարարել էր.
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խորապես մտահոգված է այն հայտարարությամբ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին` վերջինիս Հունգարիայից վերադառնալուց հետո: Սաֆարովը խոստովանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը Բուդապեշտում 2004 թվականին եւ ցմահ բանտարկված էր Հունգարիայում այդ դաժան հանցագործության համար:
Մենք տեղեկացնում ենք Ադրբեջանի իշխանություններին, որ հիասթափված ենք Սաֆարովին ներում շնորհելու որոշումից: Այդ քայլը հակասում է տարածաշրջանային լարվածության կրճատմանն ու հաշտեցմանն ուղղված շարունակվող քայլերին: ԱՄՆ-ը նաեւ բացատրություններ է հայցել Հունգարիայից` Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու որոշման առնչությամբ»:
Հետագա օրերին Սաֆարովի արտահանձնումը եւ նրան ներում շնորհելը դատապարտեցին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տյորբյորն Յագլանդը, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Սեպտեմբերի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ ասել, որ միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել բանակցային գործընթացի քողի տակ Ադրբեջանի արկածախնդրային քաղաքականության շարունակումը:
«Հանդիպման օրակարգի միակ հարցը մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում ստեղծված իրավիճակն էր` ոչ միայն բանակցային ողջ գործընթացի, այլեւ տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության վրա ունեցած իր բոլոր բացասական հետեւանքներով»,- հայտնել էին ԱԳՆ-ից:
Սեպտեմբերի 2-ին Հունգարիան բողոք էր հայտնել Ադրբեջանին: Ըստ հունգարական Nepszabadsag թերթի՝ Հունգարիայի ԱԳՆ նոտայում, մասնավորապես, ասված էր, որ Բաքվի որոշումը «հակասում է երկու երկրների միջեւ ձեւավորված վստահության մթնոլորտին»:
Հունգարական աղբյուրները հրապարակել էին նաեւ Ադրբեջանի արդարադատության փոխնախարարի նամակը, որում նա հավաստիացնում էր Հունգարիայի իշխանություններին, որ արտահանձնումից հետո Ռամիլ Սաֆարովը շարունակելու է պատիժը կրել հայրենիքում:
2012 թվականի սեպտեմբերի 3-ին հրապարակված սյունակում փորձագետ Արմեն Գրիգորյանը (Հայաստանի Անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղարը) գրում էր.
«Ներքաղաքական մի շարք քննարկումներում մարդիկ փորձում են գլխավոր մեղավոր տեսնել Հունգարիային կամ Ադրբեջանին: Մինչդեռ հաշվի առնելով միջազգային հարաբերությունների անարխիկ իրավիճակը՝ հենց Հայաստանի վրա է ընկնում ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատվությունը: Հարց է առաջանում, թե Հայաստանում ո՞ր կառույցներն են պատասխանատու ստեղծված իրավիճակի համար: Սահմանադրության համաձայն Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում եւ իրականացնում է Հանրապետության նախագահի հետ համատեղ:
Հենց կառավարությունը պետք է կարողանար նախագահի հետ միասին կանխել նման ելքը: Իրականում Հունգարիան եւ Ադրբեջանը կատարել են այն ամենը, ինչը, ըստ իրենց, բխել է իրենց երկրների շահերից: Սակայն Հայաստանը չկարողացավ կանխել Սաֆարովի արտահանձնումը եւ պետական համակարգի գլխավոր գործողությունները տեղի ունեցան Սաֆարովի արտահանձնումից հետո միայն»:
Իսկ «Կարնեգի Եվրոպա» հիմնադրամի ավագ հետազոտող Թոմ դե Վաալը «Սաֆարովի գործը. Կովկասի սեւ շաբաթը» սյունակում գզուշացնում էր.
«Այս հակամարտությունը ամենեւին էլ «սառեցված» վիճակում չէ, չնայած տարածված կարծիքին: Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի փափուկ միջնորդային ջանքերը դեռեւս չեն շարժել կողմերին իրենց անհաշտ դիրքերից: Իսկ Սաֆարովի նման ընդունելությունը Բաքվում ենթադրում է, որ իրավիճակը գնում է ավելի շուտ դեպի պատերազմ, քան խաղաղություն: Դա դեռեւս կարելի է կանգնեցնել, սակայն դիվանագիտական ջանքերը պետք է անհապաղ գործադրվեն»:
2006-2009 թվականներին Հունգարիայի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Քինգա Գոնցը Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում ասել էր, որ Սաֆարովի արտահանձնումը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «անձնական որոշումն է».
«Օրբանը հայտարարել է «դեպի Արեւելք» բացվելու քաղաքականության մասին, այսինքն` հեռացում եվրոպական արժեքներից: Եվ դրանով իսկ իր կառավարության վրայից հանել է արտաքին վերահսկողությունը: Նա փորձում է Արժույթի միջազգային հիմնադրամին փոխարինող այլ ֆինանսական աղբյուրներ գտնել, որպեսզի ֆինանսավորի բյուջեի դեֆիցիտը, եւ դրան հասնելու համար ոչ մի գին չափազանց բարձր չի համարում»:
Սեպտեմբերի 12-ին Սերժ Սարգսյանն ասում էր, որ «Հունգարիան չէր կարող չիմանալ, որ Սաֆարովը կարդարացվի Ադրբեջանում», եւ շեշտում, որ հենց «քաղաքական կոռեկտությունը» Բաքվի նկատմամբ դարձավ Ադրբեջանի «ցինիկ պահելաձեւի պատճառ»:
«Տարբեր առիթներով մենք զգուշացնում էինք մեր գործընկերներին, որ միակողմանի եւ ԼՂ հակամարտության էությունը խեղաթյուրող ձեւակերպումները պաշտոնական փաստաթղթերում վտանգավոր են առաջին հերթին այն պատճառով, որ նպաստում են Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման կարծրացմանը»,- ասում էր Սերժ Սարգսյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարցին անդրադարձավ միայն հոկտեմբերի 9-ին.
«Դա շատ ճիշտ որոշում էր, եւ եթե ես նույնիսկ այդ ժամանակ իմանայի, որ հայերը եւ նրանց հովանավորները նման աղմուկ կբարձրացնեն, միեւնույն է, ներում կշնորհեի Ռամիլ Սաֆարովին:
Ադրբեջանը հայրենիք է վերադարձրել իր սպային: Ամենագլխավորը դա է: Ինչ էլ ասեն հայերը, դա ինձ բոլորովին չի հետաքրքրում: Ինչ ասեն նրանց հովանավորները, դա ինձ բոլորովին չի հետաքրքրում, ես նշանակություն չեմ տալիս այդ հայտարարություններին, եւ Ադրբեջանի հասցեին այդ անհիմն մեղադրանքներից եւ ոչ մեկն անպատասխան չի մնացել: Եվրախորհրդարանը, ցավոք, երկրորդ անգամ հակաադրբեջանական բանաձեւ ընդունեց: Ադրբեջանի Միլի Մեջլիսն արժանի պատասխան տվեց նրանց: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը մի մարդ է, որը պետք է պաշտպան հանդիսանա մարդասիրության եւ մարդու իրավունքների համար:
Նախորդ տարիներին Եվրոպայի խորհուրդը, հումանիտար սկզբունքների պատրվակով, ստիպում էր մեր պետությանը ներում շնորհել հանցագործություններ գործած մարդկանց: Ռամիլ Սաֆարովը մոտ ինը տարի մնաց կալանքի տակ, այսինքն՝ նրա ներումը լիովին հիմնավորված է բարոյական, քաղաքական եւ իրավական տեսանկյուններից: Բայց ի՞նչ ենք մենք տեսնում: Մենք կրկին տեսնում ենք երկակի ստանդարտների քաղաքականություն: Ամենայն վստահությամբ ասում եմ, որ եթե հայ սպան սպաներ ադրբեջանցի սպային, երբեք նման աղմուկ չէր լինի»:
2018 թվականի իշխանափոխության արդյունքում վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը եւս Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը եւ նրան ներում շնորհելը ներկայացնում էր որպես Ադրբեջանի վարած հակահայկական քաղաքականության ապացույց:
Այսպես, 2020 թվականի հունվարին՝ Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում նա, մասնավորապես, ասել էր.
«Այս ընթացքում ականատես ենք եղել Արցախի բնակչությանը բնաջնջելու փորձի, մարդասպանության համար պատիժ կրող Ռամիլ Սաֆարովին ազատ արձակման եւ հերոսացման, 2016 թ. ապրիլին Արցախի սահմանամերձ բնակավայրում տարեց եւ անօգնական մարդկանց դաժան խոշտանգման եւ սպանության»:
Կես տարի անց՝ 2020 թվականի հունիսին, Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սեփական ապագան կառուցելու իր որոշման մեջ հաստատակամ է եւ պատրաստ պաշտպանելու իր անվտանգությունը՝ համարժեք արձագանքելով ցանկացած ոտնձգության: Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ վարչապետն այդ մասին ասել էր հունիսի 18-ին կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսին՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը:
Հաղորդագրության մեջ նշվում էր, որ «Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի իշխանությունների կողմից մինչ այժմ իրականացվող ռասիստական քաղաքականությունը՝ որպես օրինակ բերելով Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու քայլը»:
Երեք ամիս անց սկսվեց պատերազմը: Այդ ընթացքում Ադրբեջանի նախագահի կայքէջում հրապարակվում էին «քաղաքացիների նամակներ», որոնք սատարում էին Իլհամ Ալիեւի «հեռանկարային ներքին ու արտաքին քաղաքականությանը»:
Նամակներից մեկը գրել էր Սահիբ Սաֆարովը՝ Ռամիլ Սաֆարովի հայրը:
«Երբ 2012-ին որդուս ներում շնորհվեց, եւ նա Հունգարիայից վերադարձավ Ադրբեջան, որոշ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ կրկին ցուցաբերեցին կողմնակալ, միակողմանի դիրքորոշում: Չնայած այս ամենին ՝ Դուք ամբողջ աշխարհին ապացուցեցիք, որ պետությունը կանգնած է իր սպայի եւ քաղաքացու թիկունքում ՝ անկախ նրա բնակության վայրից: Ադրբեջանի պետությունը, ժողովուրդը եւ բանակը ի վիճակի են ազատագրել իրենց պատմական հողերը բռնազավթումից: Սաֆարովների ընտանիքի եւ ողջ ադրբեջանական ժողովրդի անունից մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ, մեր փառավոր բանակին, 27 տարի անց մեր հայրենի Ջեբրայիլը հայկական օկուպացիայից ազատագրելու համար»,- գրում էր մարդասպանի հայրը:
2022 թվականի դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում տեղի էր ունեցել Հայաստանի եւ Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ավարտին նրանք հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ եւ հայտնել, որ Երեւանն ու Բուդապեշտը պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները՝ «մտադրություն հայտնելով նոր էջ բացել հայ-հունգարական հարաբերություններում՝ հիմնված փոխադարձ վստահության եւ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա»։
Արա Թադեւոսյան