ԵՄ հետ ասոցացման բանակցությունները. մեծ հույսերն ու վախճանը



2011 թվականի հունիսին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարեւոր հայտարարություն էր արել. «Եվրամիության հետ մերձեցումը անկախությունից ի վեր եղել է Հայաստանի կարեւորագույն խնդիրներից մեկը»:

Նախագահն այդ մասին ասել էր՝ Երեւանում ընդունելով Եվրամիության արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան Հարեւանության եւ Արեւմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրեն Միրոսլավ Լայչակին:

 

 

 

 

Այս հայտարարությունից մոտ 1.5 ամիս առաջ ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում նշել էր.

 

 

 

 

ԵՄ հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները մեկնարկել էին 2010 թվականի հուլիսին: Խոսելով դրանց ընթացքի մասին՝ Ֆյուլեն ասել էր.

 

 

Ազատ տնտեսական առեւտրի գոտու ստեղծման բանակցությունները մեկնարկելու են որպես Ասոցացման համաձայնագրի շուրջ արդեն ընթացող բանակցությունների մի մասը, երբ Հայաստանը պատրաստ լինի դրան»:

Հայկական կողմը եւս դրական գնահատականներով էր հանդես գալիս: 2011-ի հուլիսին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանն ասել էր, որ «Ասոցացման համաձայնագրի կնքման բանակցություններում Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց»:

Իսկ Մեդիամաքսին տված հարցազրույցում Եվրոպական միությունում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը բացատրում էր ընթացակարգը.

 

 

Դեսպանն ասում էր, որ Ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունները ենթադրում են բազմաբնույթ բարեփոխումներ տնտեսական քաղաքականության մեջ.

«Օրինակ՝ ԵՄ երկրների խանութներում մտավոր սեփականություն հանդիսացող CD-ն կամ DVD-ն արժեն առնվազն 15-20 եվրո եւ ոչ թե 2-3, ինչպես այսօր Հայաստանում: Իհարկե, ԵՄ երկրներում եւս կարող եք գտնել նման ապրանք, սակայն ոչ թե խանութներում, այլ տոնավաճառներում կամ նման այլ վայրերում: Նման խնդիրների առկայության պարագայում ԵՄ-ն խնդիր է դնում հավասարեցնել կամ գոնե նվազագույնի հասցնել տարբերությունները մեր ու եվրոպական տնտեսական պայմանների, հարկային ու մաքսային ռեժիմների միջեւ»:

2011-ի սեպտեմբերին Բրյուսելում հանդիպելով Շտեֆան Ֆյուլեի հետ՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը համոզմունք էր հայտնել, որ «շատ շուտով Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի մասին հայտարարությունն իրեն սպասեցնել չի տա»:

 

 

Ֆյուլեն էլ ասել էր, թե որքան Հայաստանը շատ խորանա բարեփոխումների ուղղությամբ, այնքան ավելի շատ օժանդակություն կստանա ԵՄ-ից՝ «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքով:

Նույն ամսվա վերջին, Վարշավայում ելույթ ունենալով ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում, Սերժ Սարգսյանն ասել էր.

«Կարեւոր են տարբերակված մոտեցման եւ ընդգրկվածության սկզբունքները. յուրաքանչյուր երկիր կարիք ունի իր արժանիքներին ու առաջընթացին համահունչ գնահատականի: Հայաստանում գոհունակությամբ են արձանագրում Ասոցացման համաձայնագրի բանակցություններում գրանցված առաջընթացը: Մենք նպատակաուղղված ենք պահպանել ու շարունակել առաջընթացի նման տեմպերը եւ այժմ քայլեր ենք ձեռնարկում ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելու համար: Մենք այս գործընթացը դիտարկում ենք որպես Հայաստանում հիմնարար ինստիտուցիոնալ եւ կառուցվածքային բարեփոխումներն առաջ մղելու լրացուցիչ խթան:

 

 

Մենք ծրագրում ենք եվրոպական գործընկերների աջակցությամբ սկսել համաժամանակյա եւ լայնածավալ փոփոխություններ միաժամանակ մի քանի ուղղություններով: Մենք վճռական ենք հետեւողականորեն շարունակելու ԵՄ չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումները տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում»:

ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունները մեկնարկել էին 2012 թվականի հունիսին: Այդ առիթով Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախկին նախարար, ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ճշմարիտյանն ասել էր, որ այդ գործընթացի հաջող ավարտը Հայաստանի համար ազատ առեւտրի հնարավորություն կբացի Եվրամիության 500 միլիոնանոց շուկայում:

2012 թ. հոկտեմբերի 26-ին Բրյուսելում տեղի էր ունեցել ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 10-րդ լիագումար նիստը, որտեղ կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել աշխատանքներ տանել Ասոցացման օրակարգ ձեւավորելու ուղղությամբ:

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար, Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը, դեկտեմբերի 4-ին Բրյուսելում մասնակցելով Արեւելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը, վերահաստատել էր մինչեւ 2013 թվականի Վիլնյուսի գագաթնաժողովը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցություններն ավարտելու Հայաստանի պատրաստակամությունը:

 

 

Զոհրաբ Մնացականյանը այդ պատրաստակամությունը շեշտել էր նաեւ 2013 թ. հունվարի 31-ին: Մի քանի օր անց վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Եվրամիության խորհրդատվական խմբի պատվիրակության հանդիպման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան ասել էր, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը կունենա ասոցացված երկրի կարգավիճակ, որին կհետեւի ՀՀ-ԵՄ համագործակցության նոր օրակարգի հաստատումը:

Տիգրան Սարգսյանն էլ ընդգծել էր.

 

 

2013 թ. մարտին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդի հետ հանդիպման ժամանակ ասում էր, որ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները մոտենում են եզրափակիչ փուլին։

Մի քանի օր անց Սերժ Սարգսյանը հանդիպել էր մի շարք ԶԼՄ ներկայացուցիչների հետ եւ պատասխանելով «Շանթ»-ի լրագրող Արտյոմ Երկանյանի հարցին՝ ասել էր.

«Մի բան ձեզ պետք է ասեմ՝ մի հավատացեք բոլոր այն մարդկանց, հանդես գան նրանք լրատվամիջոցներում, հանրահավաքներում, խոհանոցներում, միեւնույն է, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասել՝ Մաքսային միության անդամները դեռեւս ցանկություն չունեն որեւէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն»:

Եվ շարունակել էր.

«Մենք սեւ-սպիտակի խնդիր չենք լուծում: Կամ-կամի խնդիր չենք լուծում: Մենք ազնիվ ենք մեր մղումներում, իսկ մեր մղումները բխում են մեր ժողովրդի շահերից, ուզում ենք, որպեսզի մեր երկիրը զարգանա եւ այդ պրոցեսում օգտագործի եւ՛ Մաքսային միության, եւ՛ Եվրասիական միության, եւ՛ Եվրամիության կողմից ցուցաբերվող աջակցությունը: Մենք ազնիվ ենք մեր վարքում, մեր գործունեության մեջ: Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալու ենք ու հետո գնում մյուսին ասում՝ ոչ, ձեզ մոտ ենք գալիս»:

Խոսելով Ասոցացման պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետների մասին՝ Հայաստանի նախագահն ասում էր.

«Խորը, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու պայմանագիրը գրեթե ավարտելու վրա ենք, եւ տա Աստված մեզ կարողություն, որպեսզի այս տարի ավարտենք եւ ստորագրենք»:

2013 թվականի հունիսին Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսն ասում էր, որ ԵՄ-ն ծրագրում է նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի հետ Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովին: Հուլիսին Զոհրաբ Մնացականյանը նշում էր.

«Երեւանում համոզված են, որ Եվրոպական միության հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրվելու է նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում»:

Մի քանի օր անց նա ասում էր, որ Եվրոպական միության հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագիրը լիովին ուժի մեջ կմտնի 2017-2018 թթ.:

 

 

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան ավելի զգուշավոր էր. «Մենք հույս ունենք, որ կստորագրենք Ասոցացման համաձայնագիրը Ուկրաինայի հետ եւ կնախաստորագրենք այն Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ»:

Հուլիսի 24-ին Հայաստանն եւ Եվրոպական միությունը հայտնել էին Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցությունների հաջող ավարտի մասին:

ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ հայտարարության մեջ ողջունել էին ԵՄ-Հայաստան բանակցությունների «գերազանց արդյունքը»:

«Մենք ուրախ ենք հաստատելու Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կնքվելիք Ասոցացման համաձայնագրի շուրջ բովանդակային բանակցությունների ավարտը, որը ներառում է Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու հաստատումը:

 

 

Սա չափազանց դրական փաստ է, ու մենք ակնկալում ենք նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում եւ այնուհետեւ ստորագրել Համաձայնագիրը տեխնիկական ընթացակարգերն ավարտելուց հետո:

Ասոցացման համաձայնագիրը թույլ կտա ԵՄ-ին ու Հայաստանին համատեղ առաջ ընթանալ համապարփակ արդիականացման եւ բարեփոխումների ծրագրով` հիմնված համատեղ արժեքների, քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման վրա: Համաձայնագիրը անմիջական դրական ազդեցություն կունենա Հայաստանի ամենօրյա կյանքի վրա եւ նրա բոլոր քաղաքացիներին կմոտեցնի ԵՄ-ին»,- ասված էր Էշթոնի եւ Ֆյուլեի համատեղ հայտարարության մեջ:

Իսկ հետո տեղի ունեցավ այն, ինչը «խաչ քաշեց» Ասոցացման համաձայնագրի վրա: 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահը մեկնեց Մոսկվա, եւ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքում ստորագրվեց երկու համատեղ հայտարարություն, որոնցից երկրորդում ասվում էր.

«2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության նախագահ Ս. Ա. Սարգսյանը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը հաստատեցին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նպատակադրումը եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագա զարգացման ուղղությամբ:

 

 

Այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության նախագահ Ս. Ա. Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման եւ այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը մասնակցելու վերաբերյալ:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինն իր աջակցությունը հայտնեց Հայաստանի Հանրապետության այդ որոշմանը եւ հայտնեց այդ գործընթացին համակողմանիորեն աջակցելու՝ Ռուսական կողմի պատրաստակամությունը»:

Հաջորդ օրը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էլմար Բրոքը հայտարարել էր, որ Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը Հայաստանի նախագահը կայացրել է Ռուսաստանի ճնշման ներքո:

«Մենք գիտենք, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի աննկարագրելի ճնշման ներքո` Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա բարդ իրավիճակի պատճառով: Հայաստանի նման փոքր երկրին շանտաժի են ենթարկել նման որոշում կայացնելու համար: Շատ ցավում ենք, բայց իրավականորեն անհնար է միաժամանակ լինել եւ՛ Մաքսային միության անդամ, եւ՛ Ասոցացման ու Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր ունենալ Եվրոպական միության հետ»,- ասել էր գերմանացի խորհրդարանականը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում:

 

 

«Անցած մի քանի տարիների ընթացքում ես քննարկումներ եմ ունեցել Հայաստանի նախագահի հետ եւ կարող եմ պատկերացնել, որ Ռուսաստանի կողմից գործադրված ճնշումն իր դերն է խաղացել այս հարցում: Շատ կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի այնպես, որպեսզի փոքր երկիրը կարողանա լուծում գտնել Ադրբեջանի հետ եւ հաղթահարել խնդիրները տարածաշրջանում: Եվրամիությունը պետք է առավել մեծ հետաքրքրություն ցուցաբերի այս սառեցված հակամարտության կարգավորման գործում»,- նշել էր Էլմար Բրոքը:

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը նույնքան «հոգատար» չէր եւ թվիթերում գրել էր. «Հայաստանը 4 տարի բանակցեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստանալու համար: Հիմա Հայաստանի նախագահը Կրեմլը նախընտրում է Բրյուսելից»:

Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն «Ազատությանն» ասել էր, որ Հայաստանը ցանկանում է նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում նախաստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը:

«Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումը ամենեւին չի նշանակում Եվրոպական միության հետ մեր քաղաքական երկխոսության դադարեցում կամ ընդհատում։ Մեր քաղաքական օրակարգում մնում է Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախաստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։ Իհարկե, հայտնի է այն կարծիքը եւ մոտեցումը, որ Մաքսային միությանն անդամակցությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ձեւավորելու մասին համաձայնագրին։

 

 

ՀՀ-ի դիրքորոշումը հայտնի է. մենք միշտ համարել ենք, որ պետք է փորձել համադրել այդ դրույթները։ Դրա անհնարինության պարագայում մենք վերցնում ենք այդ համագործակցությունից այն ամենակարեւորը, որ կար եվրոպական ուղղության վրա, այն է՝ մեր քաղաքական երկխոսությունը, արժեհամակարգային այն փոխգործակցությունը, որը թույլ է տալիս արդիականացնել երկիրը, եւ մենք համարում ենք, որ այդ դրույթները հիմնականում ամրագրված են Ասոցացման մասին համաձայնագրում»,- ասել էր Վիգեն Սարգսյանը:

Նույն թեզը պաշտպանում էր նաեւ ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը.

«Մաքսային միությանն անդամակցումը հնարավորություն կտա ե´ւ տնտեսապես շահել, ե´ւ էլ ավելի ամրապնդել մեր անվտանգության ենթակառուցվածքները: Այդ անդամակցումը ամենեւին չի խոչընդոտում Եվրամիության հետ մեր համագործակցության խորացմանը, քաղաքական ասոցացման համաձայնագրի ստորագրմանը»:

Սեպտեմբերի 5-ին Բրյուսելում Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպումից հետո Շտեֆան Ֆյուլեն հայտարարել էր, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո «բարդ է պատկերացնել Հայաստանի եւ ԵՄ միջեւ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում»:

 

 

Սեպտեմբերի 12-13-ը Երեւանում կայանալու էր Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։

Հանդիպման նախօրեին Մեդիամաքսը մի քանի հարց էր ուղղել Շտեֆան Ֆյուլեին.

- Արդյոք ԵՄ նախապես տեղեկացվա՞ծ էր այն մասին, որ Հայաստանը դիտարկում է Մաքսային միությանը միանալու տարբերակը: Մասնավորապես, Դուք քննարկե՞լ եք այդ հավանականությունը ՀՀ ղեկավարության հետ Երեւան կատարած Ձեր վերջին այցի ընթացքում:

- ԵՄ-ն այդ մասին ուղղակիորեն տեղեկացվել է միայն օգոստոսի 31-ին: Հուլիսին Երեւան կատարած իմ այցի ընթացքում այդ հարցը քննարկումների մաս չի կազմել:

- Կա՞ հնարավորություն, որպեսզի Հայաստանն եւ ԵՄ-ն Վիլնյուսի գագաթնաժողովում նախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը (առանց Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու):

- ԵՄ հետեւողական դիրքորոշումն այն է, որ քաղաքական ասոցացումը եւ տնտեսական ինտեգրացումը պետք է առաջ ընթանան միաժամանակ` հանդիսանալով Ասոցացման համաձայնագրի անբաժանելի մասերը: Այդ պատճառով մենք չենք կարող առանձնացնել համաձայնագրի այս երկու կարեւորագույն բաղադրիչները:

The Washington Post թերթի մեկնաբան Էնն Էփլբաումը, որը Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկու կինն է, «Ռուսաստանը կատարելագործում է կոպիտ ուժի հմտությունները» հոդվածում գրել էր.

«Մինչ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացված էր սիրիական խնդրի շուրջ ամերիկա-ռուսական դիվանագիտական բանակցությունների վրա, Վլադիմիր Պուտինն իրականացրեց պակաս նկատելի, բայց հեռանկարի համար բավականին նշանակալի դիվանագիտական հեղաշրջում: Շուրջ երեք տարի տեւած բանակցություններից հետո Հայաստանը՝ Ռուսաստանի մտերիմ հարեւանը, պատրաստվում էր Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, այդ թվում` համապարփակ առեւտրային համաձայնագիրը: Բայց սեպտեմբերի 3-ին՝ սիրիական ճգնաժամի ամենաթեժ ժամանակահատվածում, Հայաստանի կառավարությունն անակնկալ կերպով հայտարարեց, որ հրաժարվում է այդ նախագծում իր մասնակցությունից: Աշխարհի խոշորագույն ազատ առեւտրային գոտուն եւ ամենազարգացած ժողովրդավարություններին միանալու փոխարեն Հայաստանը որոշեց մնալ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ եւ անդամակցել Եվրասիական մաքսային միությանը:

 

 

Որեւէ մեկն անգամ չի փորձում ձեւացնել, թե Ռուսաստանը դրդեց Հայաստանին կայացնել այդ որոշումը` «փափուկ ուժ» կիրառելով: Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանը կախված է Ռուսաստանից իր անվտանգության ապահովման տեսանկյունից, եւ որ Ռուսաստանում բնակվում է հոծ հայ համայնք: Սա բավականին տարօրինակ է հնչում. անվտանգություն ապահովող դաշինքների մեծամասնությունը, այդ թվում` ՆԱՏՕ-ն, չի պահանջում անդամ պետություններից անդամակցել մաքսային միությանը, եւ ներգաղթյալների առկայությունը որեւէ երկրում սովորաբար չի ազդում առեւտրային քաղաքականության վրա: Սակայն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ռուսաստանը ստիպեց Հայաստանին խիստ անհանգստանալ՝ Ադրբեջանի հետ դիվանագիտական սիրախաղի եւ ռուս չինովնիկների կողմից արված հականերգաղթային արտահայտությունների առիթով:

Հայերը հասկացան ակնարկը. եթե նրանք Եվրոպայի հետ ստորագրեն համաձայնագիրը, Ռուսաստանը կարող է ավելի մեծ թվով զենք վաճառել հակառակորդին եւ արտաքսել իր տարածքում բնակվող հայերին»:

Նոյմբերի 29-ին Վիլնյուսում ընդունվել էր Հայաստանի ու Եվրոպական միության համատեղ հայտարարությունը, որի նախավերջին պարբերության մեջ ասվում էր.

«Եվրոպական միությունն ու Հայաստանը արձանագրում են, որ ավարտել են Ասոցացման համաձայնագրի, այդ թվում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները, սակայն չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ»։

Հատկանշական է, որ 2014 թվականի փետրվարին իր հետնորդի քննադատությամբ էր հանդես եկել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 2rd.am կայքում հրապարակված հարցազրույցում նա, մասնավորապես, ասել էր.

«Գիտակցաբար կանգ չեմ առնում այն բանի վրա, թե Հայաստանի համար ինչ վարկանիշային կորուստներով սկսվեց միացումը Մաքսային միությանը՝ տարակուսանքի առիթ դառնալով մեր եվրոպացի գործընկերների համար: Դա այլեւս չես շտկի: Չարժեր գնալ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը ՎՈՒԱՄ-ի երկրների ընկերակցությամբ, այն էլ՝ ակտիվ քարոզչությամբ: Դա գործընթացին ավելորդ աշխարհաքաղաքական երանգ հաղորդեց: Ռուսաստանի արձագանքը միանգամայն կանխատեսելի էր»:

 

 

Նույն թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Պրահայում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում, անուղղակի պատասխանում էր Ռոբերտ Քոչարյանին.

«Մեր համոզմամբ՝ գործընկեր երկրներից որեւէ մեկը չպետք է ստիպված լինի գին վճարել իր կայացրած որոշման համար՝ պայմանավորված այս կամ այն ինտեգրացիոն գործընթացին իր մասնակցության աստիճանով։ Մենք չենք ուզում ընտրություն կատարել բարեկամների միջեւ, այլ ուզում ենք ունենալ հնարավորինս շատ բարեկամներ։ Համոզված եմ, որ մենք ճիշտ ուղի ենք ընտրել։ Արեւելյան գործընկերությունը միայն ասոցացման համաձայնագիր չէ։ Դա ընդամենը գործիք է։ Երբ հայտարարում էինք «ե՛ւ, ե՛ւ» մոտեցման մասին, նկատի ունեինք այլընտրանք ունենալու հնարավորություն եւ ոչ թե համագործակցության այս կամ այն գործիքի ընտրություն։ Վստահ եմ, որ եթե մենք շարունակենք հավատարիմ մնալ ընդհանուր արժեքներին, հարգել միմյանց որոշումները եւ ընտրությունը՝ մեր համագործակցությունը կընթանա ճիշտ ճանապարհով»:

2014 թվականին հայկական կողմը շարունակում էր հայտարարություններ անել Ասոցացման համաձայնագրի «քաղաքական մասը» ստորագրելու ցանկության մասին, սակայն հանդիպելով ԵՄ սառը արձագանքին՝ դրանք աստիճանաբար մարեցին: Մի քանի տարի տեւած բանակցություններից հետո 2017 թվականին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը թեեւ կարեւոր ու հավակնոտ փաստաթուղթ էր, իր քաղաքական նշանակությամբ չէր կարող փոխարինել նախկինում բանակցված Ասոցացման համաձայնագրին:

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Ֆոտոլուրի, REUTERS-ի եւ ՀՀ նախագահի մամուլի ծառայության լուսանկարները:

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: