Կենսաբանական լաբորատորիաներն ու հայ-ռուսական հուշագրի պատմությունը



2022 թվականի մարտին ռուսաստանյան լրատվամիջոցները գրում էին Ուկրաինայում ԱՄՆ աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ ստեղծված կենսաբանական լաբորատորիաների մասին՝ նշելով, որ նման կառույցներ գործում են նաեւ հետխորհրդային այլ երկրներում, մասնավորապես, Հայաստանում:

2018-2020 թվականներին այդ հարցն իսկապես հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի հարց էր դարձել:

2018թ. դեկտեմբերի 17-ին ռուսաստանյան լրատվամիջոցները մեջբերում էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերն այն մասին, որ Երեւանն ու Մոսկվան համաձայնագիր են կնքելու, որը կբացառի օտարերկրյա զինվորականների ներկայությունը Հայաստանում:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված տարբերակում Լավրովի խոսքերը ներկայացված էին այսպես.

«Հայաստանի հետ մենք ավարտում ենք փաստաթղթի պատրաստումը, որը կերաշխավորի այն, որ օտարերկրյա զինվորականները ներկա չեն լինելու այդ կենսաբանական լաբորատորիաներում»:

 

 

Նույն օրը, 2018թ. դեկտեմբերի 17-ին, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել էր.

«Կոնտեքստից հասկանում ենք, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորատորիաների մասին: Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում:
Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները»:

Երեք օր անց Աննա Նաղդալյանն հավելել էր, որ Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաները քաղաքացիական բացառապես բնույթի են.

«Երկխոսություն կա այս հարցի շուրջ, սակայն այդ լաբորատորիաները Հայաստանինն են, որտեղ աշխատում են հայ մասնագետներ։ Այստեղ ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող»:

 

 

2018թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր Ռուսաստանի ԱԳ նախարարության պետքարտուղար Գրիգորի Կարասինին խոսքերին, որը հույս էր հայտնել, թե Հայաստանի նոր ղեկավարությունը «քաջություն կգտնի՝ դիմակայելու ԱՄՆ-ի շանտաժին ու ճնշմանը»:

«Ես անպայման առիթը կօգտագործեմ եւ մեր ռուս գործընկերներից կփորձեմ ճշտել, թե ինչի վրա է հիմնված նրանց տեղեկությունները։ Հայաստանը վարում է ինքնուրույն քաղաքականություն ու այդպես էլ շարունակելու է»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձել էր նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Երեւանն ու Մոսկվան համաձայնագիր են նախապատրաստում, որը կբացառի օտարերկրյա զինվորականների ներկայությունը Հայաստանում տեղակայված կենսաբանական լաբորատորիաներում:

«Նման պայմանագիր նախկինում քննարկվել է ՀՀ իշխանությունների հետ, իսկ մեր կառավարության օրոք մենք երբեք Ռուսաստանի հետ այդպիսի թեմայով հարց չենք քննարկել։ Անհրաժեշտ է պարոն Լավրովից ավելի մանրամասն տեղեկանալ, թե նա ինչ նկատի ունի»,- ասել էր Փաշինյանը:

2019 թվականի նոյեմբերի 11-ին Սերգեյ Լավրովը Երեւանում ասել էր, որ կենսաբանական անվտանգության ոլորտում Հայաստանի եւ Ռուասաստանի համագործակցության հուշագրի տեքստը պատրաստ է ստորագրման:

 

 

Նա նշել էր, որ հուշագիրը ռուսաստանցի մասնագետներին երաշխավորում է մուտք գործել ԱՄՆ ֆինանսավորմամբ Հայաստանում ստեղծված բիոլաբորատորիաներ:

«Հուշագիրը ներկայում համաձայնեցման փուլ է անցնում երկու երկրների համապատասխան գերատեսչություններում»,- ասել էր Լավրովը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում:

Վերջինս էլ հավելել էր, որ դեռեւս վաղ է խոսել հուշագրից բխող գործընթացի մասին, «սակայն փաստաթուղթը հնարավորություն կտա համախմբել Հայաստանի ներուժը կենսաբանական անվտանգության ոլորտում՝ Ռուսաստանի հետ համագործակցությամբ»:

Գրեթե կես տարի անց, 2020թ. ապրիլի 30-ին, Աննա Նաղդալյանն ասել էր.

«ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաները պատկանում են Հայաստանին եւ ամբողջովին վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից: Հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ լաբորատորիաների անձնակազմը բաղկացած է միայն ՀՀ քաղաքացիներից, օտարերկրյա մասնագետների ներկայությունը լաբորատորիաների տարածքում բացառված է:

ՀՀ եւ ՌԴ միջեւ «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը ոչ թե Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների վերաբերող հարցերի եւ, առավել եւս, ՌԴ մասնագետների մուտքի իրավունքի մասին է, այլ, ինչպես բազմիցս նշել ենք, անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակին: Հուշագրի ներկայիս նախագծով չի նախատեսվում որեւէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որեւէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը»:

Ի վերջո հուշագիրը կնքվեց 2021 թվականի մայիսի 6-ին:

Այդ օրը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը եւ Սերգեյ Լավրովը Երեւանում ստորագրեցին ՀՀ եւ ՌԴ միջեւ փոխըմբռնման հուշագիր կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով:

 

 

Հուշագրով նախատեսվում էին գործակցության մեխանիզմներ, տեղեկատվության փոխանակում, մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպում: Հուշագրով չէր ենթադրվում որեւէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որեւէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը:

Փաստաթղթի ստորագրումից հետո էր որոշ ժամանակ ռուսական կողմը շարունակում էր հրապարակային կասկածներ հայտնել: 2022 թվականի ապրիլին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն ասել էր, որ «Ռուսաստանի հարավային շրջանները կարող են ենթարկվել կենսաբանական սպառնալիքների, որոնց աղբյուրը երկրի սահմաններին մոտ գտնվող լաբորատորիաներն են»։

«Խորհրդային Միության փլուզումից հետո Միացյալ Նահանգները եւ նրա արբանյակները կենսալաբորատորիաների ցանց են տեղակայել նախկին խորհրդային հանրապետությունների տարածքում՝ Վրաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Ղազախստանում եւ Հայաստանում, որտեղ գիտական հետազոտությունների քողի տակ իրականացնում են ռազմական-կենսաբանական գործունեություն», - պնդում էր Պատրուշեւը:

 

 

Իսկ 2022թ. թվականի մայիսի 18-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը «Կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության մասին» վերնագրված ծավալուն հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում էր.

«Կենսաանվտանգության մասին հուշագրի կատարման համատեքստում մենք դեռեւս ունենք հարցեր՝ կապված կենսաբանական ոլորտում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հետ Հայաստանի փոխգործակցության մասին ստացվող տեղեկատվության վերաբերյալ, այդ թվում, ռազմական գերատեսչությունների գծով։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Վրաստանում գտնվող եւ իր կողմից ֆինանսավորվող Լուգարի անվան կենտրոնն ուղղորդում է մանրէաբանության եւ համաճարակաբանության ոլորտում Հայաստանի եւ տարածաշրջանի այլ երկրների հետ համատեղ գիտական հետազոտությունների ակտիվացմանը։ Մանրակրկիտ վերլուծության է արժանի նաեւ արեւմտյան մասնավոր ընկերությունների գործունեությունը, որոնք Պենտագոնի շահերից ելնելով կենսաբանական հետազոտություններ են իրականացնում Անդրկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաեւ Հայաստանում կառույցների առկայությունը, որոնք մասնակցել են կենսանախագծերին Ուկրաինայում։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չեն բացատրում, թե ինչ են անում Հայաստանում՝ ռուսաստանյան սահմաններին անմիջական հարեւանությամբ։ Այս գործոնը, անշուշտ, մեր կողմից հաշվի է առնվում Ռուսաստանի կենսաբանական անվտանգության ապահովման համատեքստում»։

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Ֆոտոլուրի, REUTERS-ի եւ Հայաստանի ԱԳՆ լուսանկաներները

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: