Հայաստանի գործող իշխանությունները մեղադրում են նախորդներին, որ ժամանակին ղարաբաղյան կարգավորման հարցում ցավոտ փոխզիջումների չեն գնացել, եւ այդ պայմաններում նոր պատերազմը լոկ ժամանակի խնդիր էր։
Որոշեցինք հիշեցնել, թե ինչպիսին էր կարգավորման տարբերակների հանրային ընկալումը երկու տասնամյակ առաջ:
2006 թվականի փետրվարի սկզբին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի Ռամբույեում կայանալիք բանակցությունների մեկնարկից մոտ մեկ շաբաթ առաջ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ICHD) մասնագետները Իջեւան քաղաքում անցկացրել էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հինգ սցենարների քննարկում, որին մասնակցել էր 97 մարդ։
Քննարկմանը ներկայացվել էին հետեւյալ սցենարները.
1. Գոյություն ունեցող ստատուս-քվոյի պահպանում (Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքները շարունակում են մնալ հայկական ուժերի վերահսկողության տակ։ Ժամանակի ընթացքում մեծանում է պատերազմի վերսկսման հավանականությունը։ Շարունակվում է շրջափակումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը զրկված են իրենց տնտեսական ներուժը լիարժեք օգտագործելու հնարավորությունից)։
2. Լեռնային Ղարաբաղը՝ անկախ պետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչվում է միջազգային հանրության կամ առանձին պետությունների եւ կազմակերպությունների կողմից։ Դադարեցվում են հայ-ադրբեջանական բոլոր բանակցությունները։ Ադրբեջանը շարունակում է ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղն ու հարակից տարածքները իր վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ։ Պատերազմի վերսկսման հեռանկարը շարունակում է կախված մնալ Լեռնային Ղարաբաղի գլխին։ Տրանսպորտային ուղիները մնում են փակ)։
3. Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում (Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության կամ Հայաստանին միանալու իրավունքը։ Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքները վերադարձվում են Ադրբեջանին։ Երաշխավորվում է ցամաքային կապը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ Լաչինի շրջանի միջոցով։ Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքները դառնում են Ադրբեջանի ապառազմականացված գոտի)։

4. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն ապագայում. ԼՂՀ-ն միջազգային պրոտեկտորատի ներքո (Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի գերակայությունը։ Ապագայում, բայց ոչ ուշ, քան 5 տարի անց, Լեռնային Ղարաբաղի բնակչության որոշումը՝ անկախ պետականության ստեղծման կամ Հայաստանի հետ միավորվելու վերաբերյալ, ընդունվում եւ երաշխավորվում է Ադրբեջանի ու միջազգային հանրության կողմից։ ԼՂՀ-ն անցնում է միջազգային կազմակերպությունների պրոտեկտորատի ներքո։ Լուծվում է Լաչինի շրջանի միջոցով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապի ապահովման հարցը։ ԼՂՀ սահմաններից դուրս գտնվող եւ հայկական ուժերի կողմից վերահսկվող բոլոր տարածքները վերադարձվում են Ադրբեջանին։ Համաձայնագրերի փաթեթը կարող է ներառել դրույթներ Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապի ապահովման մեխանիզմների վերաբերյալ։ Տարածաշրջանում տեղակայվում են միջազգային դիտորդական ուժեր։ Բացվում են Հայաստանի սահմանները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ)։
5. Հետաձգված լուծում՝ կոնկրետ երաշխիքներով (Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի գերակայությունը: Ապագայում Լեռնային Ղարաբաղի բնակչության որոշումը՝ անկախ պետականության ստեղծման կամ Հայաստանի հետ միավորվելու վերաբերյալ, ընդունվում և երաշխավորվում է Ադրբեջանի ու միջազգային հանրության կողմից: Լուծվում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապի հարցը՝ լայն եւ անվտանգ Լաչինի միջանցքի միջոցով: ԼՂՀ սահմաններից դուրս գտնվող եւ հայկական ուժերի կողմից վերահսկվող որոշ տարածքներ վերադարձվում են Ադրբեջանին, իսկ Քելբաջարն ու Լաչինը մնում են հայկական վերահսկողության տակ մինչեւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման գործընթացի ավարտը: Տարածաշրջանում տեղակայվում են միջազգային խաղաղապահ ուժեր, հարակից տարածքներն ամբողջությամբ ապառազմականացվում են: Բացվում են Հայաստանի սահմանները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ):

Քվեարկություն արդյունքները, հավանաբար, պետք է զարմացնեին քաղաքական գործիչներին։
Ադրբեջանի հետ սահմանամերձ Իջեւանում.
29 հոգի կողմ էր քվեարկել գոյություն ունեցող ստատուս-քվոյի պահպանմանը,
27 հոգի՝ Լեռնային Ղարաբաղի անկախությանը կամ Հայաստանի հետ վերամիավորմանը,
27 հոգի՝ կոնկրետ երաշխիքներով հետաձգված լուծմանը, որը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի անկախության ձեռքբերում հանրաքվեի անցկացման միջոցով։
Լեռնային Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմ եւ առանց կոնկրետ երաշխիքների Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սցենարները 0-ական ձայներ էին ստացել։
Սրանք կարծիքներ են, որ հնչել էին սցենարների դիտարկման ժամանակ.
Գոյություն ունեցող ստատուս-քվոյի պահպանում
«Ստատուս-քվոն պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ չկա արտաքին միջամտություն»։
«Եթե կարողանայինք պահպանել ստատուս-քվոն 50-100 տարի, դա կլիներ լավագույն լուծումը»։
«Այս տարբերակը Հայաստանի եւ ԼՂՀ-ի զարգացման հեռանկար չի տալիս. պետք է քայլ անել եւ դուրս գալ այս փակուղուց»։
«Ես մայր եմ եւ չեմ կարող հաշտվել այն մտքի հետ, որ վաղը նորից կանգնելու եմ մեր որդիներին պատերազմ ուղարկելու անհրաժեշտության առաջ»։
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն ապագայում
«Տարածքների վերադարձից հետո պետք է դրվի դրանց ամբողջական ապառազմականացման պայմանը։ Իհարկե, նրանք կարող են նույնը պահանջել մեզանից, գուցե մենք է՞լ գնանք դրան»։
«Սխալ է Լաչինն ու Քելբաջարը հանձնելը»։
«Ադրբեջանցիները 17-18 տարի անց չեն վերադառնա»։

Հետաձգված լուծում՝ կոնկրետ երաշխիքներով
«Եթե փոխզիջումն անխուսափելի է, ապա դա միակ քիչ թե շատ ընդունելի տարբերակն է»։
«Եթե ունենանք որոշակի կարգավիճակ եւ ամրագրված պայմաններ, մեր անվտանգությունն ավելի երաշխավորված կդառնա»։
Մեկ տարի անց՝ 2007 թվականի հունվարին, ICHD մասնագետները հինգ սցենարների քննարկում անցկացրեցին նաեւ Արցախում։ Դրանց մասնակցել էր 307 մարդ (103-ը՝ Ստեփանակերտում, 116-ը՝ Մարտունիում, 88-ը՝ Մարտակերտում), իսկ ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ.
1. Գոյություն ունեցող ստատուս-քվոյի պահպանում՝ 83 ձայն
2. Լեռնային Ղարաբաղը՝ անկախ պետություն՝ 80 ձայն
3. Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում՝ 58 ձայն
4. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն ապագայում. ԼՂՀ-ն միջազգային պրոտեկտորատի ներքո՝ 2 ձայն
5. Հետաձգված լուծում՝ կոնկրետ երաշխիքներով՝ 26 ձայն
6. Այլ տարբերակներ՝ 58 ձայն
Այսպիսով, ամենաշատ ձայներ հավաքել էր հակամարտության որեւէ կարգավորում չենթադրող սցենարը, իսկ նրանք, որոնք քիչ թե շատ մոտ էին Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի կողմից քննարկվող տարբերակներին, միասին վերցված ստացել էին ընդամենը 28 ձայն՝ 307-ից։

Ինչո՞ւ էին մարդիկ հենց այդպես քվեարկում։ Ահա Մարտակերտում, Մարտունիում եւ Ստեփանակերտում կայացած քննարկումների մասնակիցների կարծիքներից.
«Մեր կառավարությունը դեռ երկար կփորձի բանակցություններ վարել, սակայն ինքն էլ լավ գիտի, որ լավագույն տարբերակը ստատուս-քվոյի պահպանումն է»։
«Ուզում եմ, որ այս իրավիճակը շարունակվի, այսինքն՝ պատերազմ չլինի, իսկ մեզ կճանաչե՞ն, թե՞ ոչ՝ դա երկրորդական է»։
«Ստատուս-քվոն մեզ համար ավելի հարմար է։ Մենք դրանում համոզվել ենք։ Որքան շատ ժամանակ անցնի, այնքան քիչ հույս կմնա Ադրբեջանին»։
«Տարածքների վերադարձը մեզ համար ընդունելի տարբերակ չէ։ Տարածքների վերադարձը կհանգեցնի նրան, որ վաղ թե ուշ Ադրբեջանը նորից նույնը կանի»։
«Եթե նրանք պատրաստ են ճանաչել մեր անկախությունը, թող ճանաչեն այսօր, ինչո՞ւ ձգձգել դա եւս 5 տարի»։
«Միջազգային պրոտեկտորատը կարող է է՛լ ավելի վատթարացնել վիճակը։ Եթե հույսներս դնենք արտաքին ուժերի վրա, կկորցնենք ամեն ինչ։ Քանի դեռ մենք հաղթողի դերում ենք, պետք է տեր կանգնենք մեր հաղթանակին եւ մեր հողին»։
«Փախստականների վերադարձը բացառվում է: Եթե դա տեղի ունենա, ամեն ինչ կսկսվի նորից, եւ մենք դարձյալ զենք կվերցնենք: Խնդիրը պետք է լուծել այնպես, որ այն չծագի նույնիսկ դարեր անց»:
«Դա հարցի լուծում չէ: Նույնիսկ եթե Ալիեւն իր ստորագրությունը դնի դրա տակ, հինգ տարի անց Ադրբեջանի հաջորդ նախագահը կհայտարարի իր հրաժարման մասին»:
«Ժամանակն է, որ ողջ աշխարհը հասկանա՝ այս հակամարտությունը լուծում չի ստանալու»:
Վերջին մեջբերումը, որքան էլ անհույս էր հնչում, արտացոլում էր հայ հասարակության զգալի մասի տրամադրությունները: Թեկուզ ոչ հրապարակային, բայց հենց այդպես էին մտածում հայաստանյան շատ քաղաքական գործիչներ եւ հանրային կարծիք ձեւավորողներ: Եվ հենց դա էր պատճառը, որ առաջին տեղում էր ստատուս-քվոյի պահպանումը ենթադրող սցենարը: Այլ կերպ ասած՝ «բախտի հույսին մնալը»:

Ստատուս-քվոն առաջ էր անցել ԼՂՀ անկախության սցենարից 3 ձայնով. մարդիկ ինչ-որ իմաստով բացարձակ արժեքը՝ անկախությունը, հավասարեցնում էին պատերազմի վերսկսման հեռանկարին:
Միջնորդները շատ էին խոսում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից քաղաքական կամք դրսեւորելու անհրաժեշտության մասին: Այդ կամքն իսկապես անհրաժեշտ էր: Բայց ճշմարտությունն է նաեւ այն, որ երբ Ադրբեջանը ոչ միայն չէր դադարեցնում, այլեւ միայն սաստկացնում էր հակահայկական քարոզչությունը, Հայաստանի առաջնորդների համար ծայրահեղ դժվար էր համոզել ժողովրդին, որ փոխզիջումը նոր պատերազմի չի հանգեցնի:
Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Ագնեշկա Պիկուլիցկայի, Ֆոտոլուրի եւ Pan Photo-ի լուսանկարները

