Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին մեղադրում են հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «հիբրիդային պատերազմ» վարելու մեջ։ Մոսկվայում այս մեղադրանքները կտրականապես հերքում են, ԵՄ-ն Երեւանին աջակցություն է խոստանում, իսկ սակավաթիվ ողջախոհ փորձագետներն առաջարկում են Հայաստանը դիտարկել որպես կամուրջ, այլ ոչ թե առճակատման թատերաբեմ:
Մենք էլ որոշեցինք «վերադառնալ» 19 տարի առաջ, երբ Հայաստանում սպասվող ընտրությունները Ռուսաստանում քննարկվում էին ոչ պակաս ակտիվությամբ:
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները նախատեսված էին 2007 թվականի մայիսի 12-ին՝ նախագահական ընտրություններից մոտ մեկ տարի առաջ:
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ եւ իշխող կոալիցիայի մաս կազմող «Դաշնակցություն» կուսակցության առաջնորդներից Վահան Հովհաննիսյանը 2007 թվականի մարտին նշում էր, որ «Ռուսաստանի կոշտ պրագմատիզմը տարակուսանք է առաջացնում Հայաստանում»: «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում նա ասում էր, որ «հայ հասարակության մեջ հասունանում են հարցեր, որոնց պատասխանները դեռեւս ստացված չեն»:
«Ռուսաստանի էներգետիկ քաղաքականությունը խիստ պրագմատիկ է: Մենք, իհարկե, գտնում ենք համագործակցության ճկուն սխեմաներ, սակայն նման սխեմաների հայտնաբերման հնարավորությունները սահմանափակ են: Հետեւաբար, Ռուսաստանի կոշտ պրագմատիզմը տարակուսանք է առաջացնում Հայաստանում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան: Այս կապակցությամբ շատ ընդդիմադիր խմբեր ընտրությունների են գնում հենց այդ հարցադրմամբ՝ արդյո՞ք ռուսական ռազմաբազայի առկայությունը երաշխավորում է մեր անվտանգությունը: Նրանք բարձրացնում են Հայաստանի արտաքին քաղաքականության ամբողջական վերակողմնորոշման հարցը: Պետական քաղաքականության վրա դա դեռեւս չի ազդում, բայց տրամադրությունները պետք է հաշվի առնել», - զգուշացնում էր Վահան Հովհաննիսյանը:

Կարող էր թվալ, թե Վահան Հովհաննիսյանը չափազանցնում է: Սակայն 2007 թվականի մարտի 22-ին Մոսկվայում «Հանուն Ռուսաստանի» հիմնադրամի հովանու ներքո անցկացված «Խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները Հայաստանում եւ Ռուսաստանի շահերը» թեմայով կլոր սեղանի ժամանակ հնչած ելույթները վկայում էին, որ փոխխոսնակի մտահոգությունները հիմնավորված էին:
Մեկնաբանելով այն փաստը, որ շարունակում են չգործել 2002 թվականին «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում Հայաստանի կողմից Ռուսաստանի սեփականությանը հանձնված հինգ ձեռնարկություններից չորսը՝ ՌԴ նախագահի աշխատակազմի Միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Մոդեստ Կոլերովն ասում էր.
«Ցավոք, գործարքի պահին տեղի էր ունեցել հայկական ակտիվների արժեքի չափազանցված գնահատում: Եթե խոսենք հրապարակային գնահատման մասին, ապա այն առավելագույնը 50 անգամ ուռճացված էր եղել: Եթե խոսենք կապիտալիզացիայի մասին, այն ուռճացված էր առնվազն 5 անգամ: Հենց սա է այդ օբյեկտներում ներդրումներ կատարելու հիմնական խոչընդոտը: Այդ նախագծերում մասնավոր ներդրողների ներգրավումը բարդանում է հենց դրանով»:
2002 թվականին ստորագրված հայ-ռուսական համաձայնագրի համաձայն՝ ռուսական կողմին էր փոխանցվել հինգ ձեռնարկություն՝ շուրջ $100 միլիոնի պետական պարտքի մարման դիմաց: Դրանք էին՝ Հրազդանի ՋԷԿ-ը, «Մարս» ՓԲԸ-ն, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, Երեւանի ավտոմատացված կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտը եւ Երեւանի նյութագիտության գիտահետազոտական ինստիտուտը: Այդպիսով, ըստ Կոլերովի, հինգ օբյեկտների իրական արժեքը կազմում էր $2 միլիոն:
Հետաքրքիր է, որ 2001 թվականի սեպտեմբերին Երեւան կատարած պաշտոնական այցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր.
«Խնդիրն անգամ պարտքերը չեն: Խնդիրն ամենեւին պարտքերը չեն, այլ ռուսական բիզնեսի ուշադրությունը եւ ռուսական կապիտալի ներգրավվումը Հայաստանի տնտեսության մեջ: Դա է Քոչարյանի առաջարկի իմաստը: Մենք դա շատ լավ հասկանում ենք եւ կիսում նրա դիրքորոշումը»:

Մոդեստ Կոլերովը շարունակում էր.
«Ցավոք, նախընտրական փուլում հայկական ոչ մի քաղաքական ուժի մոտ չենք Հայաստանի զարգացման հստակ ծրագիր: Որպեսզի երկխոսությունը հնարավոր լինի, ուղիղ խոսելու կարիք կա: Մենք դրա պակասն ունենք:
Նույն կերպ մենք ակնհայտորեն ունենք Հայաստանի գործող քաղաքական ուժերի ուղղակի դիրքորոշման պակասը՝ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Այո՛, մենք հասկանում ենք, որ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հարցում ազգային կոնսենսուս կա: Սակայն, օրինակ, մեր դիտարկումներով, «Խաղաղություն՝ տարածքների դիմաց» սխեման վայելում է բնակչության 20 տոկոսի աջակցությունը: Ո՞վ է պատասխանատու դրա համար: Ո՞վ է ձեւակերպում դիրքորոշումները: Ո՞վ է դրանք պաշտպանում: Ես չէի ցանկանա, որ այս թեման ետնաբեմային առեւտրի առարկա լիներ՝ պարզապես այն պատճառով, որ դա հուզում է ամբողջ ազգին: Եվ եթե այս սխեման չքննարկվի լայն համատեքստում, ապա այն կդառնա ազգային ճգնաժամի գործոններից մեկը, ինչը մենք չէինք ցանկանա որեւէ սցենարի դեպքում»:
Ռուսաստանի նախագահի աշխատակազմի վարչության պետը շատ անկեղծ էր արտահայտվում.
«Միանգամայն ակնհայտ է, որ մեզ պակասում է Օսկանյանի [Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան-Մեդիամաքս], նրա դիրքորոշումների վերաբերյալ քննարկումը, որոնք հնչեցվել էին մարտի 21-ի մամուլի ասուլիսի ժամանակ, երբ նա խոսում էր Հայաստանի ժողովրդավարությանը եւ պետականությանը սպառնացող վտանգների մասին, եթե ընտրությունները, նրա խոսքերով, ոչ թափանցիկ եւ ոչ մաքուր անցնեն: Այսինքն, այդպիսով նա հանդես է գալիս որպես «մաքուր եւ թափանցիկ ընտրությունների» գլխավոր ավետաբեր, ինչն իրականում այն ուժերի հստակ եւ ուղղակի հնչող ձայնն է, որոնք կողմնորոշված են դեպի այն, որ այդ ընտրությունները նախեւառաջ պետք է ճանաչվեն Արեւմուտքի կողմից: Այս գաղափարախոսությունից էլ բխում է եւ այդ չափանիշը. թափանցիկության ստանդարտը գտնվում է կա՛մ Բրյուսելում, կա՛մ Վաշինգտոնում: Այս թեման բոլորովին չի քննարկվում, մեզ պակասում է այդ քննարկումը»:

Զավեշտն այն էր, որ Օսկանյանը հիշյալ հայտարարություններն արել էր Regnum լրատվական գործակալության երեւանյան գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, իսկ Regnum-ը պատկանում էր հենց Մոդեստ Կոլերովին:
Կլոր սեղանին նա խոսել էր նաեւ Հայաստանում սպասվող իշխանության «տրանզիտի» մասին.
«Իհարկե, մենք չպետք է լռության մատնենք արտաքին ազդեցության փորձերը Սերժ Սարգսյանի՝ իրապես ճանաչված, իրապես հեղինակավոր եւ իրապես շատ ուժեղ թեկնածուի առաջադրման վերաբերյալ: Նրան այս կամ այն կերպ Արեւմուտքում ձեւակերպված ցանկացած սադրիչ նյութերով «կեռիկի վրա պահելու» արեւմտյան փորձերը պետք է համարժեք պատասխան ստանան: Մենք այդ պատասխանը չենք լսում: Բայց այն, որ այդ խոսակցություններն ու փորձերը չարամիտ եւ նպատակաուղղված բնույթ ունեն, ակնհայտ է, հատկապես թափանցիկության մասին այն խոսակցությունների համատեքստում, որոնք վարում է Օսկանյանը: Մենք երեխա չենք, մենք դա տեսնում ենք»:
Կլոր սեղանի անցկացումից երկու տարի առաջ «Կոմերսանտ» թերթը «Վլադիմիր Պուտինը նշանակել է թավշյա հակահեղափոխականի» վերնագրով հոդվածում գրում էր.
«Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով հայտնի քաղտեխնոլոգ Մոդեստ Կոլերովին նշանակել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի վերջերս ստեղծված Միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ: Վարչությունն անմիջականորեն ենթարկվում է նախագահի աշխատակազմի ղեկավար Դմիտրի Մեդվեդեւին:

Կրեմլում հատուկ ընդգծում են, որ «նոր վարչության գործունեության հիմնական դաշտը նախկին ԽՍՀՄ տարածքում ձեւավորված անկախ պետություններն են»: Ըստ ամենայնի, պարոն Կոլերովը պետք է կանխի «թավշյա հեղափոխությունները» հետխորհրդային երկրներում»:
Նույն 2007 թվականի մարտին Ռուսաստանի ԱԳՆ-ն ներկայացրել էր «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության տեսությունը»: 100 էջանոց փաստաթղթում Հայաստանի հետ հարաբերություններին հատկացված էր ընդամենը երեք նախադասություն.
«Հայաստանի հետ հարաբերությունները կրում են կայուն դաշնակցային բնույթ: Այն մեր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում, ԱՊՀ ինտեգրացիոն կորիզի մասը: Ձգտելու ենք թուլացնել Հայաստանի տրանսպորտային շրջափակումը, ընդլայնել համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, հասնել տարածաշրջանում մեր երկրների արտաքին քաղաքական համակարգման ավելի բարձր աստիճանի եւ ամրապնդել հումանիտար համագործակցությունը»:
Կլոր սեղանի ժամանակ ելույթ էր ունեցել նաեւ «Պոլիտիկա» հիմնադրամի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովը:
«Հայաստանի նոր ընտրական փուլը դեռեւս ռուսաստանյան հանրային ուշադրության կենտրոնում չէ: Եվ իզուր։ Մեր երկրի համար այս քաղաքական արշավի ելքը հսկայական նշանակություն ունի։ Գաղտնիք չէ, որ Անդրկովկասը վերջին շրջանում համաշխարհային առաջատար խաղացողների աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ է դառնում։ Միացյալ Նահանգները, առավելագույնս ամրապնդվելով Վրաստանում եւ ընդլայնելով իր դիրքերն Ադրբեջանում, դառնում են զգալի գործոն նաեւ հայաստանյան քաղաքական բեմահարթակում։ Ակնհայտորեն աճում է Եվրոպական միության եւ եվրոպական այլ ինստիտուտների քաղաքականության անդրկովկասյան չափումը, որոնք առաջնահերթ ուշադրություն են դարձնում Վրաստանին, սակայն ամենեւին չեն անտեսում Հայաստանը:
Այսպիսի իրավիճակում Ռուսաստանի համար շատ կարեւոր է Կովկասից դեպի հարավ իշխանության ղեկին տեսնել մեզ հետ կառուցողական փոխգործակցության տրամադրված քաղաքական ուժերի։ Պարզապես հուսալ, թե նրանք ինքնաբերաբար կհաղթեն՝ վտանգավոր սխալ է։ Հայաստանյան քաղաքական դաշտում ամեն ինչ այդքան պարզ չէ», - նշում էր Նիկոնովը:

«Հայաստանի ներկայիս ղեկավարության համար այնքան էլ հեշտ չի լինի պահպանել իշխանությունը՝ հաշվի առնելով ընտրողների հոգնածությունը, նույնիսկ տնտեսական դինամիկ աճի ֆոնին: Պետք է խոստովանել, որ որոշ իմաստով ՀՀ իշխանությունների խնդիրները կապված են, որքան էլ տարօրինակ կարող է հնչել, Ռուսաստանի հետ սերտ գործընկերությանն ուղղված նրա կողմնորոշման հետ: Ոչ թե հակառուսական տրամադրությունների պատճառով, որոնք չկան, այլ նման գործընկերության արդյունքներից հայտնի հիասթափության պատճառով:
Ռուսաստանի առաջնահերթ շահն է՝ օգնել ներկայիս ղեկավարությանը հաղթահարել այդ հիասթափությունը: Նման քաղաքականությունը կաջակցի ռուսամետ ուժերին խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում եւ հայ հասարակության կողմից մեր երկրի հետ համագործակցության քաղաքականությունն ավելի ընդունելի կդարձնի», - ասում էր քաղաքագետը:
19 տարի առաջ ասված Նիկոնովի այս խոսքերը, փաստորեն, Կրեմլում հաշվի չառան:
Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Ֆոտոլուրի եւ REUTERS-ի լուսանկարները:

