«Ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց»



2016 թվականի ապրիլի 22-ին՝ Ապրիլյան պատերազմից մոտ երեք շաբաթ անց, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում ընդունում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություններում Սերժ Սարգսյանի ուղիղ խոսքը սովորաբար ներկայացնում էր մեկ-երկու կարճ պարբերությամբ: Այս դեպքում մեջբերված էր մի մեծ հատված եւ պարզ էր, որ դա պատահականություն չէ. Սերժ Սարգսյանի խոսքում անթաքույց կշտամբանք կար:

ՀՀ նախագահը, մասնավորապես, ասել էր.

«Այնպես է ստացվել, որ ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը կայացել է եւ Ձեր այցն էլ կայանում է մեր տարածաշրջանում լարված իրավիճակում: Եվ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ իրավիճակը պայմանավորված է Ադրբեջանի անպատասխանատու գործողություններով: Սկսելով լայնամասշտաբ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ՝ Ադրբեջանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի հետ ոչ մի ընդհանուր բան չի կարող ունենալ: Կիրառելով ամբողջ զինանոցը՝ Ադրբեջանը, իհարկե, արժանի հակահարված ստացավ:

 

 

Բայց Ադրբեջանի այդ գործողությունները, իմ կարծիքով, բանակցային գործընթացը մղեցին բավականին հեռու մի կողմ: Մենք մշտապես այդ գործընթացում կառուցողական ենք եղել, մշտապես վստահ ենք եղել, որ Մինսկի խմբի համանախագահները, վերջիվերջո, կներկայացնեն հարցի լուծման իրենց մոտեցումը, հասցեական կասեն այն կողմի անունը, որը հրաժարվում է այդ առաջարկություններից: Բայց, ցավոք, ադրբեջանցիները համարեցին, որ իրենք կարող են անպատիժ խախտել դեռեւս 1994-1995թթ. ստորագրված համաձայնագրերը եւ այն պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել այս երկարատեւ բանակցությունների ընթացքում:

Մենք այս փուլը սկսել ենք 2007 թվականին: Ինը տարվա ընթացքում մենք այդ գործընթացի ակտիվ վկան ու մասնակիցն ենք եղել, փորձել ենք գտնել փոխընդունելի որոշումներ, լինել կառուցողական: Մենք համոզված ենք եղել, որ այդ հարցն իսկապես կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք:

Դրա համար էլ ինձ համար չափազանց կարեւոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե ներկայացնեք Ձեր պատկերացումը»:

Դժվար է ասել՝ արդյոք Լավրովի Սերժ Սարգսյանի այս խոսքերն անակնկալ էին, թե ոչ, բայց նա «ընդունեց մարտահրավերը» եւ իր պատասխան խոսքում, մասնավորապես, ասաց.

«Ես հասկանում եմ, ինչ էիք Դուք ասում, Սե՛րժ Ազատովիչ, իհարկե, այն մասին, որ հիմա դժվար է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Իրավիճակը պետք է փոքր-ինչ հանդարտվի եւ մարդիկ պետք է մի փոքր հանգստանան: Մենք մեկ անգամ եւս մեր ցավակցությունն ենք հայտնում այս հակամարտության պատճառով զոհերի կապակցությամբ, բայց, այնուամենայնիվ, ես Ձեզ հետ համաձայն եմ, որ հակամարտությանը ռազմական լուծում չկա, ինչը նշանակում է՝ պետք է շարունակել ջանքեր ներդնել քաղաքական կարգավորման ուղղությամբ:

 

 

Ինչո՞ւ իրավիճակը հայտնվեց նման ճգնաժամային կետում․ ես չեմ կարող որոշել Հայաստանի, Ադրբեջանի կամ ղարաբաղցիների փոխարեն, բայց կարծում եմ, որ եթե մեզ հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել, թեկուզ մի փոքր, եթե մենք թեկուզ նախանշեինք ընդհանուր սկզբունքներ, որոնք կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակման, նախապատրաստման համար, իհարկե, դա ոչ միայն կարեւոր դեր կխաղար բանակցությունների վերսկսման համար, այլեւ զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար: Բայց, կրկնում եմ, լուծման կարող են հասնել միայն իրենք՝ կողմերը: Մենք փորձել ենք, փորձում ենք եւ կփորձենք օգնել համանախագահների՝ ամերիկացիների, ֆրանսիացիների հետ միասին»:

Հայաստանի նախագահն իր խոսքում հիշատակել էր Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան, որը մեկնարկել էր 2016 թվականի ապրիլի 7-ի երեկոյան՝ Ապրիլյան պատերազմի դադարեցումից երեք օր անց:

Իրականում Երեւանում սպասում էին ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վարչապետներին: Սակայն Ղազախստանի նախաձեռնությամբ այդ հանդիպումը տեղափոխվեց Մոսկվա: Հաշվի առնելով նաեւ այն, որ պատերազմի մեկնարկից ի վեր Բելառուսը փաստացի աջակցություն էր հայտնել Ադրբեջանին, ստացվում էր, որ Երեւանը իրական աջակցություն չունի ո՛չ ՀԱՊԿ-ում, ոչ էլ ԵԱՏՄ-ում:

 

 

Կասկածից վեր է, որ սա եւս ազդեցություն էր թողել Սերժ Սարգսյանի ելույթի բովանդակության եւ տոնայնության վրա․ կշտամբանքի իր բաժինը ստացել էր նաեւ Դմիտրի Մեդվեդեւը: Հանդիպման սկզբնամասում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր.

«Վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որոնք ձեռք էին բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից եւ բարեկամ: Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք չենք բացառում հերթական սադրանքը, քանի որ եւ երեկ, եւ այսօր լրատվական դաշտում այդ սադրանքները շարունակվում են եւ մենք, իհարկե, մեծ պատրանքներ չունենալով՝ ակնկալում ենք Մինսկի խմբի համանախագահներից եւ մեր դաշնակիցներից հասցեական հայտարարություններ եւ որոշակի գործողություններ, որովհետեւ երկրորդ փորձը, կարծում եմ, կբերի լայնածավալ գործողությունների:

Եվ, իհարկե, ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երեւան՝ մասնակցելու նախօրոք ծրագրված միջոցառմանը: Ես չգիտեմ՝ դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»:

Ռուսաստանի վարչապետը, ինչպես եւ շաբաթներ անց Լավրովը, եւս «պահեց հարվածը» եւ, մասնավորապես, ասաց.

«Ես շատ լավ հիշում եմ Ձեզ հետ մեր նախկին զրույցները: Միգուցե այն ժամանակ հնարավորությունների մի մասը չհաջողվեց իրականացնել, բայց, ամեն դեպքում, խաղաղ բանակցություններին, հանգիստ քննարկումներին այլընտրանք չկա: Սրա հետ է կապված նաեւ իմ այս այցը. կցանկանայի որոշ բաներ Ձեզ հետ քննարկել, թե ինչ կարելի է անել մոտ ապագայում, բայց ինչ վերաբերում է Եվրասիական միության պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի հետաձգմանը, ես հույս ունեմ, հավատացած եմ, որ ամեն դեպքում այստեղ ընդմիջում չի լինի: Ես անպայման կխոսեմ Եվրասիական միության մեր գործընկերների հետ: Նրանց պահելաձեւը եւ որոշումները ինչ-որ տեղ երեւի թե կարելի է հասկանալ. բոլորը չէ, որ լավ տեղեկացված են ընթացիկ իրավիճակի մասին, թե ինչ կարող է լինել, ինչ է լինելու: Հիմա ամենակարեւորն է՝ չկորցնել տեմպը, չստեղծել ինչ-որ արհեստական խնդիրներ»:

 

 

Կարող ենք վստահաբար ասել, որ, երբ Մեդվեդեւն ասում էր, որ «միգուցե այն ժամանակ հնարավորությունների մի մասը չհաջողվեց իրականացնել», ի նկատի ուներ 2011 թվականի Կազանի հանդիպումը, որը, ինչպես շատերը սպասում էին, պետք է դառնար իր՝ այն ժամանակ Ռուսաստանի նախագահի միջնորդական ջանքերի գագաթնակետը, բայց ավարտվեց տապալմամբ, քանի որ Իլհամ Ալիեւը Թաթարստանի մայրաքաղաքում մի շարք նոր պահանջներ առաջ քաշեց:

2025 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարության կայքում հրապարակվել են «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը», այդ թվում՝ Հայաստանի նախագահի Սերժ Սարգսյանի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը թվագրված էր 2016 թվականի օգոստոսի 5-ով:

Նամակում, մասնավորապես, ասված է.

«Շնորհակալ եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին նոր խթան հաղորդելու Ձեր նախաձեռնության համար։ Կցանկանայի կիսվել մի քանի սկզբունքային մտորումներով՝ կապված Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից ներկայացված վերջին գաղափարների հետ։

 

 

Ներկայացված գաղափարներում, ի պատասխան հայկական կողմերի չափազանց լուրջ ու իրապես շոշափելի քայլերի, Բաքվից որեւէ փոխադարձ զիջումներ չեն ակնկալվում։ Մեզ համար դա կնշանակեր Լեռնային Ղարաբաղի «անվտանգության գոտու» էական նեղացում եւ հակառակորդի զորքերի հետ շփման այժմ ամենակարճ ու համեմատաբար ամրացված գծի զգալի երկարացում, ինչը արդեն իսկ խախտված սպառազինությունների հավասարակշռությունից կտաներ դեպի ռազմական հավասարակշռության վերացում։ Տարածքների իրական հանձնումը չի կարող փոխհատուցվել միայն համանախագահ երկրների հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ եւ վերջնական կարգավիճակների վերաբերյալ։ Ըստ էության, Ադրբեջանը հստակ պարտավորություններ չի ստանձնում Լեռնային Ղարաբաղում ապագա հանրաքվեի եւ ԼՂ միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ։

Համոզված եմ, որ ստանալով 5 շրջանները՝ Ադրբեջանը ավելի դեստրուկտիվ կդառնա։ Ակնհայտ է, որ այդ շրջանները ստանալուց հետո Բաքուն հաշվարկում է հետագայում ուժեղացնել ռազմական եւ դիվանագիտական ճնշումը Հայաստանի վրա՝ մյուս տարածքների վերադարձի ակնկալիքով, միաժամանակ՝ հղում կատարելով իր ներքին օրենսդրությանը՝ հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշումից»:

2025թ․ դեկտեմբերի 2-ին փաստաթղթերի հետ կառավարության կայքում հրապարակվել է նաեւ «Ի՞նչ է բացահայտում Ղարաբաղի բանակցային փաթեթը» հոդվածը, որը, դատելով ոճական առանձնահատկություններից, կարող էր գրված լինել հենց Նիկոլ Փաշինյանի կողմից:

Դրանում, մասնավորապես, ասվում է.

«Նամակից երեւում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը խնդիր է տեսել ՌԴ կողմից ակնկալվող ռազմաքաղաքական աջակցության վերաբերյալ՝ հակառակ պարագայում չէր լինի տվյալ նամակի անհրաժեշտությունը։ Ռազմական բալանսը խախտվել էր, այդ թվում՝ Ադրբեջանին ՌԴ ակտիվ սպառազինելու արդյունքում։ Գումարած՝ ի հեճուկս ՀՀ ընդհանուր առմամբ միաբեւեռ արտաքին քաղաքականության, որը ենթադրաբար նպատակ ուներ ԼՂ հարցում ՌԴ բարեհաճությունը շահել, բանակցային սեղանին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից առաջ էին քաշվել մոտեցումներ («Լավրովի պլանը»), որոնք 2016թ.-ին փաստի առաջ էին կանգնեցրել Հայաստանի իշխանություններին եւ Սերժ Սարգսյանին։

 

 

Դա է պատճառը, որ այս նամակը Սերժ Սարգսյանն ուղղում է հենց Վլադիմիր Պուտինին, ոչ թե ԱՄՆ կամ Ֆրանսիայի նախագահներին՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների։ Այդ նամակից է, որ վերծանում ենք, որ 2016թ.-ի օգոստոսին Սերժ Սարգսյանը հասկացել է, որ անելանելի վիճակում է, եւ եթե ՌԴ կողմից մոտեցումը չփոխվի, ապա պատերազմն անխուսափելի է, ընդ որում՝ խախտված ռազմական բալանսի պարագայում անխուսափելի է՝ կանխատեսելի արդյունքով։

Շատերի մտքով է թերեւս անցել, թե ինչո՞ւ 2018թ.-ի մայիսից, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ստանձնել իշխանությունը, Սերժ Սարգսյանի ամբողջ թիմը լծվել էր անհասկանալի մեղադրանքներ հնչեցնելու, որ Նիկոլ Փաշինյանը եկել է «հողերը հանձնելու»։ Փաստաթղթերի եւ Սերժ Սարգսյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի հրապարակումը տալիս է այդ հարցերի պատասխանը։ Սերժ Սարգսյանը գիտեր, որ պատերազմն այլեւս անխուսափելի է, իսկ պատերազմի ելքը՝ առավել քան կանխատեսելի։ Եվ այդ հայտարարությունները հետագայում նրան պետք էին քաղաքական վերադարձի համար»։

Հոդվածում, իհարկե, որեւէ խոսք չկար այն մասին, թե ինչու 2018 թվականի մայիսին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը երկու տարուց ավել ոչ թե փորձում էր կանխել «անխուսափելի» պատերազմը, այլ անում էր հայտարարություններ եւ ձեռնարկում էր քայլեր (օրինակ՝ այսպես կոչված «Մյունխենյան սկզբունքների» հռչակումը), որոնք պատերազմն իսկապես անխուսափելի էին դարձնում:

Արա Թադեւոսյան

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: