2001 թվականի վերջի աղմկահարույց իրադարձությունը հայ-թուրքական «Հաշտեցման հանձնաժողովի» կազմից հայ մասնակիցների դուրս գալու որոշումն էր։
2001 թվականի դեկտեմբերի 11-ին ընդունված հայտարարության մեջ Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը, Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը եւ ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը նշել էին, որ որոշմանը պատճառը հանձնաժողովի թուրք անդամների միակողմանի դիմումն էր Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոն (International Center for Transitional Justice)՝ Հայոց ցեղասպանության՝ ՄԱԿ-ի 1948 թվականի ցեղասպանության մասին կոնվենցիային համապատասխանության ուսումնասիրությունից հրաժարվելու պահանջով։ Մինչդեռ Կենտրոնին ուղղված դիմումը համաձայնեցվել էր հանձնաժողովի բոլոր անդամների կողմից նոյեմբերի 18-ից 21-ը Նյու Յորքում կայացած վերջին նիստում։
Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել էր, որ թուրք գործընկերների այս քայլից հետո հայ մասնակիցներն այլեւս չեն կարող վստահել նրանց։
Հանձնաժողովի պառակտման լուրը Երեւանում շատ տարբեր ընկալվեց։ ՀՅԴ արձագանքում, որն ի սկզբանե հանձնաժողովի ամենասուր քննադատն էր, ասվում էր, որ հանձնաժողովը վաղ թե ուշ պետք է «մեռներ», եւ լավ է, որ դա տեղի ունեցավ հիմա, երբ այդ դեռ չէր հասցրել «շատ դժբախտություններ բերել»։ Իսկ ՀՀՇ-ի նախկին իշխող կուսակցությունը ներկայացնող Ալեքսանդր Արզումանյանի գործընկերները առիթը բաց չէին թողնում՝ գործող իշխանություններին քննադատելու համար։ Հայաստանի նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ իշխանությունները Թուրքիայի հետ առճակատման աստիճանը հասցրել են ծայրահեղ վտանգավոր մակարդակի։
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը Մեդիամաքսին ասել էր, որ «Հաշտեցման հանձնաժողովի» հայ անդամների որոշումը «կանխատեսելի էր»։ Նա հիշեցրել էր, որ պաշտոնական Երեւանը հանդես էր գալիս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պետական մակարդակով երկխոսության մեկնարկի օգտին։ Միաժամանակ, ընդգծել էր մամուլի քարտուղարը, Հայաստանի իշխանությունները երբեւէ չեն խոչընդոտել հայ-թուրքական որեւէ շփումներին։
Նրանք, ովքեր հակված էին կատարվածի մեջ տեսնել պաշտոնական Երեւանի «հետքը», հիշեցնում էին, որ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հանձնաժողովի հայ անդամներին կոչ էր արել գնահատել անցած 5 ամսվա ուղին եւ որոշել հետագա գործունեությունը շարունակելու նպատակահարմարությունը: Սակայն անհավանական էր թվում, որ հանձնաժողովի հայ անդամները, որոնք վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանում ու Սփյուռքում խիստ քննադատության էին ենթարկվել, կարող էին իրենց որոշումը կայացնել Օսկանյանի «պահանջով»:
Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը հանձնաժողովի ստեղծմանը միանշանանակ չէր։ 2001 թվականի հուլիսին՝ հանձնաժողովի ստեղծումից երեք օր անց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը հայտարարել էր, որ ԱԳՆ-ն կապ չունի դրա ստեղծման հետ։ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն էր հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ էր հանձնաժողովի ստեղծման մասին, սակայն պաշտոնական Երեւանը որեւէ մասնակցություն չի ունեցել դրա ձեւավորման գործում։
Հուլիսի 21-ին Ալեքսանդր Արզումանյանը պնդում էր, որ հանձնաժողովի ստեղծման հարցը մի քանի ամիս քննարկվել էր Հայաստանի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ։ Մեդիամաքսի աղբյուրները վկայում էին, որ Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունն առաջին անգամ նախաձեռնությունը ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանին մայիսին՝ Նյու Յորքի «Ներդրումներ Հայաստանում» գործարար համաժողովի ժամանակ։
Ցեղասպանության հարցում հանձնաժողովի հայ մասնակիցների մարտավարությունը մի քանի անգամ փոխվել էր: Ստեղծվելուց անմիջապես հետո նրանք հայտնել էին, որ թուրք գործընկերների հետ չեն քննարկելու Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցը։ Օգոստոսի 2-ին նրանք հայտարարություն էին ընդունել, որտեղ նշվում էր, որ «Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչված փաստ է»։ Նոյեմբերին հանձնաժողովի ողջ կազմը որոշել էր դիմել Անցումային արդարադատության միջազգային կենտրոն:
Այս ժամանակագրության հետեւելիս պարզ է դառնում, որ հանձնաժողովի հայ մասնակիցները երբեւէ չէին վիճարկել Հայոց ցեղասպանության փաստը, ինչում նրանց փորձում էին մեղադրել։ Առավել հիմնավոր էին թվում կարծիքներն այն մասին, որ հանձնաժողովի գործունեությունը ինքնին խոչընդոտում է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Օրինակ, 2001 թվականի հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանը չէր ներառել Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը Եվրամիությանն անդամակցելու հարցում Թուրքիայի առաջընթացի մասին զեկույցում՝ սահմանափակվելով «մի խումբ հայ եւ թուրք գիտնականներին եւ նախկին դիվանագետներին» աջակցելու մասին հայտարարությամբ:
Չնայած ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը օգոստոսի 28-ին Երեւանում հայտարարել էր, որ հանձնաժողովի ստեղծումը «մասնավոր նախաձեռնություն» էր, փաստեր ի հայտ եկան, որոնք վկայում էին ԱՄՆ-ի կողմից այն ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորելու մասին։ Հոկտեմբերի կեսերին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ վկայակոչելով Կոնգրեսի հետազոտական ծառայության զեկույցը, հայտնել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հանձնաժողովին դրամաշնորհ է հատկացրել։
Այս տեղեկության հրապարակումից մի քանի օր անց ՀՅԴ ղելավարներից մեկը, ԱԺ ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովի հետ քննարկել էր Մոսկվայի վերաբերմունքը հաշտեցման հանձնաժողովին։ Հովհաննիսյանը պնդում էր, որ ռուսական կողմը կիսում է ՀՅԴ մտահոգությունները, քանի որ «վերջին հաշվով խոսքը Հարավային Կովկասում ամրանալու եւ տարածաշրջանում գերիշխող դեր խաղալու Թուրքիայի ցանկության մասին է»։
Հետաքրքիր է, որ 2001 թվականի հուլիսին, «Հաշտեցման հանձնաժողովի» ստեղծման հայտարարությունից մի քանի օր անց, նրա թուրք անդամներից մեկը՝ ՄԱԿ-ում Թուրքիայի նախկին դեսպան Գյունդուզ Աքթանը հոդված էր հրապարակել Turkish Daily News-ում, որտեղ գրել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության պատճառներից մեկը «Ռուսաստանի զգալի ազդեցությունն է Հայաստանի վրա, որը սպառնում է Կովկասին»։
Հանձնաժողովի պառակտման մասին հայտարարությունից մեկ շաբաթ առաջ Անդրանիկ Միhրանյանը նշել էր, որ ամերիկյան կողմը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հանձնաժողովի աշխատանքների նկատմամբ, եւ հավասարակշռությունը պահպանելու համար օգտակար կլիներ ռուս միջնորդներին ընդգրկել հանձնաժողովի աշխատանքներում։ «Այդ առաջարկն ես արել եմ, սակայն դեռ չգիտեմ՝ ինչ լուծում կլինի»,- ասում էր քաղաքագետը։
Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել է Ջոն Սթայնմայերի լուսանկարը, ինչպես նաեւ լուսանկարներ Ֆոտոլուրի արխիվից: