9 կետը, $ 6 միլիոնը եւ նեղացած Ֆինլին



2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ակտիվ քննարկվում է դրանցում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջնորդավորված «մասնակցությունը»։ Քչերն են հիշում այն մասին, որ ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Արեւմուտքը դեռ երկու տասնամյակ առաջ՝ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին, առանձնահատուկ հետաքրքրություն էր ցուցաբերում Հայաստանի ընտրական գործընթացների նկատմամբ։

Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների ապահովման վերաբերյալ ամերիկյան առաջարկների փաթեթն առաջին անգամ ներկայացվել էր 2005 թվականի հոկտեմբերին:

Այն գնահատվում էր $6 մլն եւ բաղկացած էր 9 կետից.

• Ընտրողների ցուցակներ;
• Ընտրությունների կազմակերպում;
• Ընտրողների տեղեկացվածություն;
• Ընտրություններին առնչվող դատական գործերի վարույթ;
• Ժողովրդավարական քաղաքական մշակույթ;
• Հարցումներ կատարելու կարողություն;
• Քաղաքական կուսակցություններ; Ընտրությունների վերահսկում;
• Անկախ ԶԼՄ-ների կողմից լուսաբանում:

2007 թվականի ապրիլին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել էր.

«Մենք հրավիրել ենք Բալթյան երկրների ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են իրենց փորձը: Հայաստանի կառավարության ներկայացուցիչներին, Գլխավոր դատախազությունում եւ ԿԸՀ-ում մեր գործընկերներին ներկայացրել ենք սոցիոլոգիական հարցումների տվյալները, որոնք վկայում էին, որ մարդիկ չեն հավատում, որ ընտրախախտումների դեպքերը կհասնեն դատարան: Այսինքն, մենք փորձում ենք ապահովել նրանց գործիքներով ընտրախախտումները հետաքննելու եւ պատժելու, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում»:

Իսկ Հայաստանում USAID-ի ղեկավար Ռոբին Ֆիլիպսը նշել էր, որ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համատեղ մենք ձեւավորել ենք խորհրդատվական խմբեր, եւ դրանցում ընդգրկված կամավորները տուն առ տուն շրջելով՝ մարդկանց հորդորում են ստուգել իրենց տվյալների առկայությունը ընտրացուցակներում»։

Խոսելով ընտրությունների մոնիթորինգի մասին՝ Էնթոնի Գոդֆրին ասել էր.

«Մենք աշխատում ենք «Ընտրությունը քոնն է» տեղական դիտորդական խմբի հետ եւ շատ հպարտ ենք այս հասարակական կազմակերպության զարգացմամբ։ Մենք շատ գոհ էինք այն հանգամանքից, որ առաջին դիտորդական վկայականը տրվել է հենց «Ընտրությունը քոնն է» կազմակերպությանը, եւ ակնկալում ենք, որ նրանք շատ ակտիվ կլինեն ողջ Հայաստանում ու կներկայացնեն իրենց օբյեկտիվ հայացքն այն մասին, թե ինչպես են անցել ընտրությունները»։

 

 

Մեկնաբանելով Հայաստանի քաղաքական կուսակցությունների կողմից ցուցաբերված համագործակցության մակարդակը՝ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել էր, «որ որոշ քաղաքական ուժեր տատանվում էին մեր հետ համագործակցելու հարցում, եւ մենք հույս ունենք, որ ապագայում մարդիկ կհասկանան. մենք շահագրգռված ենք ընտրությունների ընթացքի, եւ ոչ թե դրանց արդյունքի մեջ»:

«Սակայն որոշ քաղաքական ուժեր համագործակցել են մեզ հետ, հատկապես քաղաքական գործընթացներում երիտասարդության եւ կանանց ներգրավման հարցերում: Կարծում եմ, որ երբ նախընտրական լարվածությունը կնվազի, նրանք կխոստովանեն, որ դա ամեն դեպքում կմնա իրենց ակտիվում: Նաես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի վերականգնել ավելի մեծ վստահություն մեր օբյեկտիվության նկատմամբ», - նշել էր նա։

 

 

2007 թվականի սկզբին ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հայկական հեռուստաընկերությունների կողմից նախընտրական գովազդի համար սահմանված գները շատ բարձր են, եւ կարծիք էր հայտնել, որ «այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, ղեկավարները վախենում են ավելի մատչելի կամ թափանցիկ դարձնել ԶԼՄ-ները, քանի որ վախենում են կորցնել իրենց պաշտոնները եւ բանկային հաշիվներում փող կուտակելու հնարավորությունը»։

Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով իր գործընկերուհու այս հայտարարությունը, Էնթոնի Գոդֆրին ասել էր․

«Ես կիսել եմ եւ շարունակում եմ կիսել դեսպան Ֆինլիի մտահոգությունը ԶԼՄ-ների հավասար մատչելիության վերաբերյալ: Պետք է նշեմ, որ որոշ գործոններ ազդել են Հայաստանի հեռարձակող ԶԼՄ-ների գովազդային շուկայի վրա. դոլարի կուրսի կտրուկ անկումը հայկական դրամի նկատմամբ, աճող մրցակցությունը եւ գովազդային շուկայի աճը: Անկեղծ ասած, ես չեմ տեսել բացասական արձագանք Ֆինլիի հայտարարությանը: Իհարկե, այդ կապակցությամբ եղել են հարցեր, եւ մենք պարզաբանումներ ենք տվել: Կարծում եմ, որ նրա հայտարարության համար հիմք է հանդիսացել այն, ինչի մասին մենք խոսել ենք նախկինում. արդար մեդիա-միջավայրը շատ կարեւոր գործոն է ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար: Ինձ ոգեւորում է այն, ինչ մենք տեսել ենք մինչեւ նախընտրական արշավի մեկնարկը եւ դրա առաջին օրերին. ըստ էության, բոլոր թեկնածուները օգտվել են հեռուստաեթերից, ընդ որում ոչ միայն նախընտրական ելույթների շրջանակներում, այլեւ լրատվական ծրագրերում: Մեդիա-միջավայրն ավելի հավասարակշռված է դառնում: Ես գերադասում եմ կենտրոնացնել իմ ուշադրությունը նրա վրա, ինչ տեղի է ունենում այսօր եւ, ամենայն հավանականությամբ կշարունակվի ապագայում, եւ ոչ թե առանձին վերցված հայտարարությունների վրա»:

Շատ հավանական է, որ Ջուլի Ֆինլիի կոշտ հայտարարությունները պայմանավորված էին նրա՝ Ռոբերտ Քոչարյանից «նեղված» լինելու հանգամանքով։ 2006 թվականի հոկտեմբերին Մեդիամաքսին եւ «Ազատությանը» տված հարցազրույցում նա ասել էր, որ «չափազանց հիասթափված է, որ չկարողացավ նույնիսկ կարճ հանդիպում ունենալ Հայաստանի նախագահի հետ»։

 

 

«Սովորաբար, երբ այցելում եմ ԵԱՀԿ անդամ-երկրներ, հանդիպում եմ պետության ղեկավարին», - հավելել էր Ֆինլին, որը Երևանում հանդիպումներ էր ունեցել Ազգային ժողովի նախագահի, գլխավոր դատախազի, տարածքային կառավարման նախարարի, արդարադատության նախարարի, արտաքին գործերի նախարարի տեղակալների հետ։

Ջուլի Ֆինլին ասել էր, որ Երեւան կատարած իր այցի գլխավոր նպատակն էր ընդգծել այն մեծ ուշադրությունը, որը միջազգային հանրությունը ցուցաբերում է 2007 եւ 2008 թթ. Հայաստանում կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին:

«Մենք բոլորս ցանկանում ենք, որ այդ ընտրությունները լինեն ազատ եւ արդար, քանի որ ընտրությունները ժողովրդավարության հիմնասյուներից մեկն են: Կարծում եմ, որ գտնվում եմ մի երկրում, որը որոշել է իսկական ժողովրդավարության դառնալ: Միջազգային հանրության վստահությունը, որ ձեր կառավարությունն ընտրվել է ազատ եւ արդար ընտրություններում, շատ կարևոր է Հայաստանի համար», - ասել էր Ֆինլին։

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Ֆոտոլուրի լուսանկարները

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: